Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդոլ Ռահիմ Մուսավին և պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն զոհվել են թիրախավորած ավիահարվածի հետևանքով, Associated Press-ի փոխանցմամբ` հայտնել է իրանական պետական հեռուստատեսությունը:
Նշվում է, որ Մուսավին և Նասիրզադեն սպանվել են Իրանի անվտանգության խորհրդի նիստի ընթացքում՝ Իրանի կիսառազմական «Հեղափոխության պահապանների կորպուսի» ղեկավարի և անվտանգության հարցերով խորհրդական Ալի Շամխանիի հետ, որոնց մահվան մասին Իրանը հայտնել է կիրակի առավոտյան։
Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սպանության համար խոստացած լայնածավալ պատասխան հարվածներից հետո, մարտի 1-ին Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելում և Պարսից ծոցի արաբական երկրներում գտնվող թիրախների ուղղությամբ, ինչի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Թեհրանին՝ հետագա սրացումից զերծ մնալու մասին։
Իրանի կառավարությունն իր հերթին խոստացել է, որ «այս մեծ հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա», իսկ «Հեղափոխության պահապանների կորպուսը» սպառնացել է իրականացնել «ամենաինտենսիվ հարձակողական գործողությունը»՝ թիրախավորելով իսրայելական և ամերիկյան բազաները։
«Դուք անցել եք մեր կարմիր գիծը և պետք է վճարեք դրա գինը։ Մենք կհասցնենք այնպիսի կործանարար հարվածներ, որ ինքներդ ստիպված կլինեք աղաչել»,- հեռուստաուղերձում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը հայտարարել էր Իրանի դեմ «լայնածավալ մարտական գործողություններ» սկսելու մասին: Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել էր Իրանի տարածքում «կանխարգելիչ» հարվածների մասին: Ավելի ուշ ԱՄՆ-ն միացել էր գործողությանը: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
