Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմի բռնկումը ծանր հետևանքներ ունի միջազգային խաղաղության և անվտանգության համար։
«Այս վճռորոշ պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու մեր ազգային տարածքի, մեր քաղաքացիների և Մերձավոր Արևելքում մեր շահերի անվտանգությունը։
Ֆրանսիան նույնպես պատրաստ է կիրառել անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ամենամոտ գործընկերներին, եթե նրանք նման խնդրանք ներկայացնեն։
Ընթացիկ սրացումը վտանգավոր է բոլորի համար։ Այն պետք է դադարեցվի։ Իրանական ռեժիմը պետք է հասկանա, որ այժմ այլ տարբերակ չունի, քան ազնիվ և բարի կամքով բանակցությունների մեջ մտնել՝ դադարեցնելու իր միջուկային և բալիստիկ ծրագրերը, ինչպես նաև տարածաշրջանային ապակայունացնող գործունեությունը։ Սա բացարձակապես անհրաժեշտ է Մերձավոր Արևելքում բոլորի անվտանգության համար։
Իրանի ժողովուրդը նույնպես պետք է կարողանա ազատորեն կերտել իր ապագան։ Իսլամական ռեժիմի կողմից իրականացված կոտորածները զրկում են նրան լեգիտիմությունից և պահանջում են, որ խոսքը վերադարձվի ժողովրդին։ Որքան շուտ՝ այնքան լավ։
Հավատարիմ իր սկզբունքներին և գիտակցելով իր միջազգային պատասխանատվությունը՝ Ֆրանսիան կոչ է անում հրատապ կերպով գումարել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստ։ Ես մշտական կապի մեջ եմ մեր եվրոպացի գործընկերների և Մերձավոր Արևելքի մեր բարեկամների հետ»,-նշել է Ֆրանսիայի նախագահը։
