Ուրբաթ երեկոյան ավիավթար է տեղի ունեցել Լա Պասի մերձակայքում գտնվող քաղաքում, որի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ ավելի քան 30-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Բոլիվիայի Ռազմաօդային ուժերին պատկանող Hercules ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկրի կենտրոնական բանկի համար նոր տպագրված թղթադրամներ, վայրէջքից հետո դուրս է եկել թռիչքուղուց և բախվել հարակից պողոտային։ Դեպքը տեղի է ունեցել անբարենպաստ եղանակային պայմաններում։
Ինքնաթիռը մեկնել էր Սանտա Կրուս քաղաքից և վայրէջք էր կատարելու Էլ Ալտոյի միջազգային օդանավակայանում։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և հայտնվել մարդաշատ փողոցում՝ վնասելով մի քանի ավտոմեքենա։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերում երևում են խուճապային տեսարաններ․ քաղաքացիները հավաքվել էին դեպքի վայրում և փորձում էին վերցնել գետնին ցրված թղթադրամները։ Իրավապահները ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով փորձել են ցրել ամբոխը և վերահսկել իրավիճակը։ Տեսանյութերի իսկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Վթարից հետո ժամանակավորապես փակվել է Էլ Ալտոյի միջազգային օդանավակայանը։ Ազգային ավիաընկերություն Boliviana de Aviación-ը հայտարարել է, որ վթարի ենթարկված ինքնաթիռը չի պատկանել իր ավիապարկին։
Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, որ վնասվել են նաև պողոտայում գտնվող մի շարք մեքենաներ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով մեկնարկել է քննություն։
