Բանակցությունների արդյունքը թույլ է տալիս ԱՄՆ-ին հետաձգել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հարցը. Օմանի ԱԳՆ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքները թույլ են տալիս ԱՄՆ-ին հետաձգել Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու նպատակահարմարության հարցը, փետրվարի 27-ին հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:

Մենք կնախընտրեինք Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուծել խաղաղ ճանապարհով, Տեխասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք լուրջ որոշում ունենք կայացնելու, և դա հեշտ որոշում չէ», — ասել է նախագահը՝ խոսելով Իրանի մասին:

«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա պետք է լինի նշանակալի գործարք», — ընդգծել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Իրանին «շատ ուժեղ» հարված է հասցրել 2025 թվականի հունիսին: «Ես կնախընտրեի դա անել խաղաղ ճանապարհով: Բայց նրանք շատ դժվար մարդիկ են», — ասել է ԱՄՆ նախագահը:

Վաշինգտոնի վարչակազմը նախկինում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում կպահանջի ուրանի հարստացման լիակատար դադարեցում: Հունվարին Սպիտակ տունը զգուշացրել էր, որ լրջորեն պատրաստ է ուժ կիրառել, եթե Թեհրանը չնստի բանակցությունների սեղանի շուրջ և չհասնի «արդար գործարքի», որը կենթադրի միջուկային զենքից լիակատար հրաժարում:

Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չունեն միջուկային ռումբ մշակելու մտադրություն:

Պենտագոնը զգալի ուժեր է կուտակել Մերձավոր Արևելքում: Փետրվարի 19-ին ԱՄՆ վարչակազմը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու համար կտրամադրի առավելագույնը 15 օր:

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Ժնևում՝ Օմանի միջնորդությամբ: Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերը մարտի 2-ին Վիեննայում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր գրասենյակում կսկսեն խորհրդակցություններ:

Leave a Comment