Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ Հանգստյան ժամերգության ավարտին կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 1988թ. Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված սումգայիթյան ջարդերի զոհերի, հայտնում է Մայր Աթոռը։
Նշվում է, որ եկեղեցականաց դասը և ներկա հավատավոր ժողովուրդը աղոթք են բարձրացրել առ Աստված կոտորածի ենթարկված անմեղ հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել 1988 թվականի Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։
Ջարդերը սկսվել են 1988 թվականի փետրվարի 27-ին՝ Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ։ Երեք օրվա ընթացքում սպանվել է 53 մարդ, տասնյակները վիրավորվել։ Որոշ աղբյուրների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 100-ի, իսկ վիրավորների թիվը՝ մոտ 200-ի։ Այս ջարդերից հետո քաղաքի հայ բնակչությունը ստիպված էր փախչել երկրից։
Սումգայիթի ջարդերը դեռևս չեն ստացել համարժեք քաղաքական և իրավական գնահատական միջազգային հանրության կողմից։ Սումգայիթի իրադարձություններից հետո հայերի դեմ ջարդեր էին իրականացվել նաև Ադրբեջանի այլ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում։ Արդյունքում, կես միլիոն հայ արտաքսվել էր երկրից։
