Աֆղանստան-Պակիստան. փոխադարձ հարվածներ և մեղադրանքներ

«Մոջահեդներ, կրա՛կ բացեք Պակիստանի վրա»

Երկու կողմերի ռազմական ղեկավարները հրամաններ արձակելիս արաբերեն վանկարկում են. «Ալահու աքբար. Աստված մեծ Է», ապա հրթիռներն ու արկերը սլանում են դիրքերի վրա, պայթում ու մարդկանց են սպանում:

Աֆղանցիները կիրառում են հրազեն ու հրետանի, պակիստանցիները դրան նաև օդուժի ռումբերն ու հրթիռներն են ավելացնում:

Քաբուլը հայտարարել Է, թե 15 սահմանային հենակետ Է գրավել: Օրեր առաջ պակիստանյան օդուժն Է հարվածել աֆղանական տարածքին:

Կողմերի մարտավարությունը «պատասխան տալն Է»

Իսլամաբադը, իր հերթին, հաղորդել Է աֆղանական զինտեխնիկա և ամրաշինություններ ոչնչացնելու մասին: Պակիստանի ինֆորմացիայի նախարար Աթաուլա Թարարի խոսքով, օդուժը Քաբուլում ոչնչացրել Է մի շարք ռազմական թիրախներ, այդ թվում բրիգադների կենտրոնակայանը  և զինապահեստը:

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է, թե երեկվա գրոհով ավարտել Է պատասխան գործողությունը, որին դիմել Է այն բանից հետո, երբ Պակիստանի զինուժը խախտել Է Աֆղանստանի տարածքային ամբողջականությունը:

Քաբուլը պնդում Է, որ գրավել Է պակիստանյան երկու ռազմակայան և 19 պահակակետ, 4 սահմանային պահակակետից Էլ պակիստանցիները փախուստի են դիմել:

Իսլամաբադում հայտնել են, որ պակիստանցիների հարվածների հետևանքով սպանվել Է առնվազն 133, վիրավորվել Է ավելի քան 200 աֆղանստանցի զինվոր և ոչնչացվել Է 80 միավոր զինտեխնիկա:

Աֆղանստանի պաշտպանական գերատեսությունն Էլ պնդում Է, որ մարտերում ոչնչացվել Է 55 պակիստանցի զինծառայող, գերեվարվել են մի քանիսը, ոչնչացվել և առգրավվել են հրասայլեր, թեթև ու ծանր զինտեխնիկա: Պակիստանի հարվածներից վիրավորվել Է 13 խաղաղ բնակիչ:

Այս տարվա արյունալի փետրվարը

Ինչո՞ւ են երկու հարևան երկրների բանակները ներքաշվել արյունալի առճակատման մեջ: Փետրվարի 22-ին պակիստանցիները հարվածներ են հասցրել Աֆղանստանի տարածքում ապաստանած մոլեռանդ ջիհադական երկու խմբավորումների՝ «Թեհրիք Թալիբան Պակիստան»-ի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի մասնաճյուղ «Վիլայաթ Խորասան»-ի դիրքերին:

Ըստ Իսլամաբադի, այդ երկու խմբավորումները Պակիստանում իրականացրել են  ահաբեկչական գործողություններ, այդ թվում մայրաքաղաքում փետրվարի 6-ին մզկիթ են պայթեցրել: Գրոհի հետևանքով սպանվել Է ավելի քան 30 և վիրավորվել շուրջ 200 շիա հավատացյալ:

Քաբուլը «սադրանք» Է անվանել Իսլամաբադի գրոհը, հաղորդելով, որ դրա հետևանքով սպանվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք և երեխաներ: Աֆղանստանը պնդում Է, որ կշարունակի պատասխանել Պակիստանի կողմից երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերին:

Քաբուլը և Իսլամաբադը դիվանագիտական խողովակներով միմյանց փոխանցում են ուղերձներ զինված առճակատումը խաղաղ եղանակով ավարտելու անհրաժեշտության մասին:

Իրանը հայտնել Է, թե պատրաստ Է հանդես գալ որպես միջնորդ: Միջազգային համայնքը կողմերին հորդորում Է անհապաղ դադարեցնել կրակը: Իրավիճակը տակավին մտահոգիչ Է:

Leave a Comment