27 փետրվարի 2026 – 17:40 AMT
PanARMENIAN.Net – Մի քանի ամիս առաջ «Միասնության թևեր» նախաձեռնության հետ գործակցելու մասին հայտարարած «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը դրական է գնահատել «Հայաքվե»-ի հետ համագործակցությունը:
Նա ընդգծել է, որ «Շանթ դաշինքը» չի համագործակցի այնպիսի ուժի հետ, որն ունի հստակ ռուսամետ դիրքորոշում, հայտնում է Radar Armenia-ն:
«Անձամբ ես՝ որպես դաշինքի ներկայացուցիչ, որևէ ուժի հետ, որը նախընտրական գործընթացում ունի ռուսամետ դիրքորոշում, միավորումը համարում եմ բացառված:
Ինչպես հայտարարել ենք, նպատակ ունենալով միասնական մասնակցություն ունենալ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում, մենք՝ «Շանթ դաշինքի» ներկայացուցիչները, ինչպես նաև՝ Արման Թաթոյանի ուժը, մշտապես պնդել ենք միավորման, ընդարձակման և ավելի ակտիվ պայքար տանելու անհրաժեշտությունը»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ այս ընթացքում իրենց համատեղ ձևաչափին միացել են նոր ուժեր՝ տարբեր երիտասարդական միավորումներ, մասնագետներ և այլ շրջանակներ:
«Սա հերթական օրինակն է, թե ինչպես է հայկական շարժումը բնական կերպով ընդլայնվում և տեղավորվում մեր տրամաբանության մեջ»,-հավելել է Հարությունյանը:
«Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական ձևաչափով։