Ստատուս քվոյից հետո. Հայաստանը Ռուսաստանի, Թուրքիայի և խաղաղության պատրանքի միջև (տեսանյութ)

Երևանում տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է իրական խաղաղության» թեմայով

Երևանում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան, որին մասնակցեցին հասարակական քաղաքական առաջնորդներ և քաղաքագետներ։

Փետրվարի 26-ին Euromedia24-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը խաղաղության» խորագրով կլոր սեղան։ Այն կազմակերպվել էր «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման մասնակցությամբ։ Մասնագետներն ու հասարակական գործիչները քննարկեցին Բաքվի իրական մտադրությունները խաղաղության բանակցությունների և նրա շարունակական հայատյաց քաղաքականության համատեքստում։

Միջոցառմանը մասնակցեցին «Ո՛չ «Արևմտյան Ադրբեջանին»» հայկական ժողովրդական շարժման առաջնորդ, «Դեմոկրատական ​​այլընտրանք» կուսակցության նախագահ և քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ և քաղաքագետ Արման Ղուկասյանը և «Հայաքվե» նախաձեռնության քաղաքական խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը։ Մասնակիցները նշեցին, որ պաշտոնական Բաքուն շարունակում է օգտագործել հայատյաց հռետորաբանություն, և որ խաղաղության նախաձեռնությունները օգտագործվում են որպես քողարկում՝ Հայաստանի վրա ճնշման նոր փուլ նախապատրաստելու համար։

Արման Ղուկասյանն ասաց, որ երկար ժամանակ Ռուսաստանը Հայաստանում դոմինանտ էր։ Դրա համար էլ երկար ժամանակ հայ-ադրբեջանական կոնֆլիկտում այդ ստատուս քվոն կար։ Հետո այդ ստատուս քվոն փոխվեց, և հիմա մենք միջանկյալ վիճակում ենք՝ չունենք ոչ հին, ոչ նոր ստատուս քվոն։ Այս պարագայում Հայաստանը չպետք է ոչնչացնի այն հիմքերը, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում՝ պարզ աչքերով նայելով իրականությանը, որ որքան թուլանա ռուսական գործոնը, այնքան կուժեղանա թուրք-ադրբեջանական տանդեմը։ Պատճառն այն է, որ ամերիկյան բազաները գտնվում են Թուրքիայում, և Թուրքիան ԱՄՆ դաշնակիցն է իր բոլոր տարաձայնություններով հանդերձ, նա ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, և այդ կոնստրուկցիայի մեջ չի կարող լինել այնպես, որ Հայաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր։ 

Երբ ասում ենք՝ հայ-ադրբեջանական խաղաղություն, միանգամից Ալիևը չի դառնալու հայ ժողովրդի բարեկամ, և ժողովուրդն էլ միանգամից «լավ տրամադրված» չի լինելու հայ ժողովրդի հանդեպ։

«Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» կառույցի ղեկավարը հայտարարել էր, որ շուտով իրենք վերադառնալու են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստան, և այդ կառույցը ֆինանսավորվում է Ալիևի կողմից։ Սա ինչի՞ մասին է խոսում։ Այն մասին, որ մենք ու իրենք ունենք տարբեր ընկալումներ խաղաղության մասին։ Խաղաղությունն Ալիևի ու իր թիմի համար այն է, որ իրենք պետք է թելադրեն, մենք կատարենք։ Այ այդ ժամանակ, նրանց պատկերացմամբ, կլինի խաղաղություն։ Եվ այդ պահանջով հարց է՝ Սահմանադրություն փոխելը, անկլավների տալը, ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձը խաղաղության մասին է, թե ոչ։ Ի պատասխան՝ մենք միայն ստանում ենք այն, որ Ադրբեջանը չի կրակելու։ Սա է Ալիևի կողմից ամենամեծ կոմպրոմիսը։ Ուրիշ կոմպրոմիս Ալիևի կողմից դեռևս չկա»,-ասաց Արման Ղուկասյանը։ 

Նրա խոսքով՝ խաղաղության այդ գինը պետք է լինի այնպիսին, որ երկրի վրա ծանր չնստի։

Նա հավելեց, որ իր կանխատեսմամբ՝ մինչ ընտրությունները փաստաթուղթ կստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, որը չի լինի վերջնական խաղաղության պայմանագիր։ Իրականությունն այն է, որ որևէ մեկը չի պլանավորել Հայաստանից դրածտ ստեղծել։ Պետք է հասարակությունը լինի զգոն և ինքը ստեղծի իր իրականությունը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Leave a Comment