Փետրվարի 17-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ «Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր Աննա Հակոբյանը։
Այս հայտարարությունից հետո մարդիկ կարծեցին, թե խոսքը քաղաքացիական ամուսնության ավարտի մասին է, և վարչապետն ու Աննա Հակոբյանն արդեն օրինական ամուսիններ են, ու նրանց շնորհավորանքներ հղեցին այդ առթիվ։
Արդեն այսօր՝ փետրվարի 27-ին, Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակեց՝ հայտարարելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների ավարտի մասին։
Ըստ էության, տեսանյութը նկարահանվել է փետրվարի 25-ին, քանի որ Աննան նշում է, որ այսօր փետրվարի 25-ն է, ու նա լքում է Կառավարական առանձնատունը։
Տեսանյութում նա նաև ասում է, որ տուն չունի, և այն տունը, որ վարկով գնվել է, դեռ կառուցման փուլում է, հետևաբար, տեղափոխվում է վարձակալած բնակարան։
Այնուհետև Աննա Հակոբյանը խնդրում է՝ եթե մարդիկ Երևանի փողոցներով իրեն քայլելիս տեսնեն չզարմանան և չվիրավորեն։
«Չեմ ուզում ասել՝ սիրում եմ բոլորիդ, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, խնամքով, որ ուղղվում է սիրած էակին։ Ես կարծում եմ, որ այս 8 տարիների ընթացքում իմ գործողություններով, համենայն դեպս, դրանց հիմքում միայն եղել է սերը և հոգատարությունը ձեր և պետության հանդեպ»,- տեսանյութի ավարտին նշեց նա։
Հնարավոր է, որ Աննան այս խոսքերն ուղղում էր նաև Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս է իր տեսանյութերի ավարտին նշում, թե սիրում է բոլորին։
Աննա Հակոբյանի այս տեսանյութին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։ Փաշինյանը հայտարարեց՝ Աննայի որոշմանը վերաբերվում է հարգանքով։
«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին։
Թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում»,- գրել էր վարչապետը։
Չնայած Աննա Հակոբյանը դեռևս տասն օր առաջ՝ փետրվարի 17-ին էր հայտատարել իր և վարչապետի հարաբերությունների ավարտի մասին՝ փետրվարի 19-ին նա՝ որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն և վարչապետի տիկին, ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Ուորթ քաղաքում շարունակում էր հանդիպումներ ունենալ։
«Չի բացառվում, որ կարող եմ քրեական պատասխանատվության ենթարկվել»
Թեև Աննա Հակոբյանը տեսանյութում ասել է, թե ցանկություն ունի շարունակել աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, նաև նշել է՝ չի բացառվում, որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։
«Կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած, կապրենք, կտեսնենք»,- հայտնել է նա։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ուսումնասիրում են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անգլերենի անվճար դասընթացներ անցկացնելու մասին որոշումը, քանի որ արգելվում է ընտրությունների օր նշանակելուց հետո ընտրություններին մասնակցող կուսակցությունների հետ ասոցացվող կազմակերպություններին բարեգործություն անելը։
«Միասնության այլ հիմքեր չեն լինում, ամեն ինչ բխում է սիրուց». Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են Երևանի պետական համալսարանում, երբ երկուսն էլ սովորում էին ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Աննան առաջին կուրսի ուսանող էր, առաջադրանք է ստացել հոդված գրել թերթում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նիկոլ Փաշինյանը: «Ես գրեցի հոդվածը և ներկայացրեցի խմբագրություն: Այդպես էլ ծանոթացանք Նիկոլի հետ: Նիկոլն ինձ սիրահարվեց առաջին հայացքից, իսկ ես… մի փոքր ավելի ուշ»,- նշել է Աննա Հակոբյանը:
Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը համատեղ բնակվել են շուրջ 30 տարի, ունեն 4 երեխա՝ երեք դուստր և մեկ որդի:
2018-ին նոյեմբերին Mediamax-ին տված հարցազրույցում Աննա Հակոբյանը խոսել էր ամուսնական կյանքում բարդություններից՝ նշելով, որ դրանք միշտ լինում են՝ անկախ նրանից, թե ինչով են զբաղվում ամուսինները, ինչ մասնագիտություն և գաղափարներ ունեն։ «Բայց կա մի բան, որն օգնում է ամեն ինչ հաղթահարել, դա սերն է։ Միասնության այլ հիմքեր չեն լինում, ամեն ինչ բխում է սիրուց»։
«Ես այնպիսին եմ, ինչպիսին ինքն ուզում է, որ լինեմ»
Այս հարցազրույցի ժամանակ Աննան նաև նշել էր, որ Փաշինյանի ազդեցությունն իր վրա շատ մեծ է։
«Իր տեսակը շատ դոմինանտ ու ուժեղ է։ Ես ինձ վրա իսկապես մեծ ազդեցություն եմ կրում իմ ամուսնուց՝ բոլոր իմաստներով։ Նույնը չեմ կարող ասել իր մասին, որովհետև տեսակով դոմինանտ է։ Ասել, որ իր հաջողությունների գրավականն ես եմ, ճիշտ չի լինի, որովհետեւ ես այնպիսին եմ, ինչպիսին ինքն ուզում է, որ լինեմ»,- ասել էր նա։
Դժվար է ասել՝ արդյոք բաժանման պատճառը սիրո բացակայությունն էր և այն միասնության հիմքերի սպառումը, որոնց մասին նախկինում խոսում էր Աննա Հակոբյանը, թե այն, որ նա այնպիսին էր, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն էր ուզում նրան տեսնել։ Ամեն դեպքում, Հակոբյանը հստակ փակել է այս թեման հանրային քննարկման համար՝ ընդգծելով, որ այն իր հետ քննարկման ենթակա չէ։
«Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։ Լսեցինք, արձանագրեցինք, անցանք առաջ»,- գրել էր նա։
Չնայած Աննա Հակոբյանի այս հորդորին՝ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկում են այս թեման։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter