«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ն ընտրություններին ընդառաջ միավորվում են․ ստորագրվել է հուշագիր

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունn ստորագրել են համագործակցության հուշագիր՝ հայտարարելով առաջիկա համապետական ընտրություններում միասնական ճակատով հանդես գալու մտադրության մասին։

Կողմերը հայտարարությամբ ընդգծել են, որ պատրաստակամ են միավորել իրենց քաղաքական և կազմակերպչական ռեսուրսները՝ երկարատև համագործակցության ձևաչափով հանդես գալու համար։

«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար՝ միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,- նշված է հայտարարության մեջ։

Հուշագրի մանրամասների, համագործակցության կառուցվածքի և հնարավոր նախընտրական օրակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն այս պահին չի հաղորդվում։

Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։

Leave a Comment