Տուսկը՝ Փաշինյանին․ Հայ-լեհական, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության

Տուսկը՝ Փաշինյանին․ Հայ-լեհական, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները վերածվել են ընկերության

27 փետրվարի 2026 – 12:06 AMT

PanARMENIAN.NetՀայ-լեհական հարաբերությունները վերածվել են ընկերության՝ առանց որևէ նախապայմանի, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Նա հավելել է, որ այդպիսին են նաև նրանց անձնական հարաբերությունները

«Այսօր կարող եմ նշել, որ մենք ունենք նմանատիպ նպատակներ: Լեհաստանում շատ են գնահատում հայերին: Ես ուզում եմ մատնանշել հենց Ձեր կատարած աշխատանքը: Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու քաղաքական տեսլականը: Դուք պետք է օրինակ հանդիսանաք հենց այդ քաղաքական ուղու վարման համար։ Նաև պետք է ամբողջ հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունն առաջնահերթ կետ է: Թեև դա բարդ ճանապարհ է և պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է և գնահատվում է իմ կողմից: Ցանկանում եմ հայ ազգին և անձամբ Ձեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։Նաև ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին: Սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը:

․․․Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունն ընդլայնելու համար այն բոլոր երկրների համար, ովքեր ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Ես վստահ եմ, որ ձեր վարած քաղաքականությունը հենց այդ ճանապարհով է ընթանում և ուզում եմ ևս մեկ անգամ Ձեր մոտեցման համար խորը երախտագիտությունս հայտնել»,-ասել է Տուսկը:

Նա նշել է, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի համար։

«Կարծում եմ՝ կշարունակենք անվտանգության մեր համագործակցությունը»,-ասել է նա:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, նշել է, որ այս այցը մի նոր փուլի ազդարարում և արձանագրում է երկկողմ հարաբերություններում և հրավիրել է Տուսկին մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին

Ինձ համար և մեր պատվիրակության համար շատ կարևոր է եղել լսել Ձեր գնահատականները, մասնավորապես՝ նախորդ տարի ՀՀ-ում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին և այն քաջալերող խոսքերը, որ Դուք ասացիք, իսկապես, նոր վստահություն են մեզ տվել, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական և Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է: Ես չեմ թաքցնի, և Դուք դա գիտեք, իհարկե, ոչ լսելով, որ ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են:

Լեհաստանն այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության և, իհարկե, ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Այս համատեքստում ես ուրախությամբ եմ արձանագրել, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է եկել մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, և պիտի ընդգծեմ, որ մենք բարձր ենք գնահատել Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և խաղաղության այն գործընթացին, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում։ Ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանն անցել է, ժողովրդավարական հասարակության կառուցման գործընթացը, մեզ համար օրինակելի են։ Կրկին թույլ տվեք շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և, իհարկե, մեծ հաճույքով Ձեզ սպասում եմ մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթաժողովին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինյակ-Կամիշը։

Leave a Comment