26 փետրվարի 2026 – 18:02 AMT
PanARMENIAN.Net – Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ իտալական «Ինտերից», հայտնում է Factor.am-ը FCInterNews-ի վրա հղումով:
Ըստ հրապարակման՝ միլանյան ակումբը ծրագրել է երիտասարդացնել թիմի կազմը և հրաժարվել մի շարք փորձառու ֆուտբոլիստներից, որոնց թվում նշվել է նաև 37-ամյա հայ կիսապաշտպանը։ Մխիթարյանի գործող պայմանագիրը ավարտվելու է այս մրցաշրջանի վերջում։
Ամռանը «Ինտերից» հեռանալու են պաշտպաններ Ստեֆան դե Վրեյը, Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը, ինչպես նաև դարպասապահ Յան Զոմերը։ Միաժամանակ անորոշ է մնում Նիկոլո Բարելայի, Էնդի Դիուֆի, Դավիդե Ֆրատեզիի, Հաքան Չալհանօղլուի, Մարկուս Թյուրամի և Դենզել Դումֆրիսի ապագան ակումբում։
Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն 2022 թվականին միացել է «Ինտերին», որի կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկու անգամ հանդես է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 2 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։