Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացրել է Իրանի դեմ հնարավոր ռազմական տարբերակների մասին, հայտնել է ABC News-ը՝ հղում անելով նախագահին մոտ կանգնած աղբյուրին։
Քննարկումներին ծանոթ երկրորդ աղբյուրի համաձայն՝ հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ և նախագահի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ Դեն Քեյնը։
Հեռուստատեսությունը շեշտում է, որ տարածաշրջանում ուժերի գլխավոր հրամանատարի ճեպազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները Ժնևում բանակցություններ են վարել Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի վերաբերյալ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ առաջընթաց է գրանցվել, և որ «տեխնիկական բանակցությունները» կվերսկսվեն Վիեննայում հաջորդ շաբաթ։
Կայքը նշում է, որ վերջին օրերին մի քանի հանրապետականներ և Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ անձամբ պաշտպանել են Իսրայելի կողմից Իրանին հարվածելու նախաձեռնությունը, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից ռազմական գործողություններ սկսելու գաղափարը։
Քննարկումներին ծանոթ աղբյուրները կարծում են, որ համատեղ ամերիկա-իսրայելական գործողությունը հնարավոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանում մեծ թվով ամերիկյան ռազմանավերի և կործանիչների տեղակայումը։
Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։ Նա նաև պնդել էր, որ Թեհրանից դեռևս երաշխիքներ չի ստացել, որ չունի նման զենք ձեռք բերելու մտադրություն։
Իրանը և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ Ժնևում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ևս մեկ փուլ էին անցկացրել փետրվարի 26-ին: Ըստ Օմանի՝ նշանակալի առաջընթաց է արձանագրվել:
