Աննա Հակոբյանը հայտնել է Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին. վարչապետը մեկնաբանել է

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայտնել է, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է: Վարչապետը մեկնաբանել է այս որոշումը:

Հակոբյանը, մասնավորապես, նշել է, որ ինքը փետրվարի 25-ին լքել է կառավարական առանձնատունը: Նա շեշտել է, որ այս թեման իր հետ քննարկման ենթակա չէ:

Փաշինյանը, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, սոցցանցում գրել է, որ այս որոշմանը վերաբերվում է հարգանքով։

«Վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենն ու հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին», -նշել է նա։

Վարչապետը հավելել է, որ թերևս ավելի շատ դառնություն է պատճառել տիկնոջը, ինչի համար ներողություն է խնդրում։

Հակոբյանն անդրադարձել է նաև իր ֆինանսական միջոցներին, պնդել, որ տուն, մեքենա չունի, ձեռք բերած տունը դեռ ավարտական փուլում չէ, ինքը բնակվելու է վարձով բնակարանում:

Նախորդ տարիներին որպես վարչապետ տիկին իր հանդես եկած կերպարների համար, ըստ Հակոբյանի, ինքը հատուկ առանձնացրած գումար չի ունեցել և ներողություն է խնդրել որոշ վրդովեցրած կերպարների համար:

Leave a Comment