2025-2026 ուստարվա սկանդալային իրավիճակից հետո, երբ «Այբբենարան»-ում Մեսրոպ Մաշտոցի նկարը բացակայում էր և հասանելի էր միայն QR կոդով, 2026-2027 ուսումնական տարվա դասագրքում հայոց գրերի ստեղծողն արդեն զբաղեցնում է իր արժանի տեղը, հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
Պարբերականը տեղեկացնում է, որ հանրային զայրույթն իր դերը խաղացել է. 2026-2027 ուստարվա դասագրքերն արդեն տպագրվում են, և այս տարվա «Այբբենարան»-ում Մաշտոցն արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել՝ առանց QR կոդերի։
ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է թերթի տեղեկությունը. «2026-2027 ուսումնական տարվա «Այբբենարան» դասագրքի վերահրատարակման համար նախարարությունն իրազեկել է դասագրքի հեղինակներին՝ վերանայել և շտկել դասագրքում առկա սխալներն ու վրիպակները՝ պարտադիր ներառելով Մեսրոպ Մաշտոցի նկարը և հայոց այբուբենը: «Այբբենարան» դասագրքի հեղինակներն արդեն իսկ ուղարկել են «Մայրենի» առարկայի 1-ին դասարանի «Այբբենարան» դասագրքերի լրամշակված տարբերակների էլեկտրոնային տպագրական ֆայլերը: Ներկայացված էլեկտրոնային տարբերակները սահմանված կարգով ներկայացվել են փորձաքննության»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ Մաշտոցի նկարը տեղադրված չէ, քանի որ հրատարակիչները որոշել են այն փոխարինել աշխատանքային էջերով, սակայն նկարը հասանելի է QR կոդի միջոցով: Նրա խոսքով՝ դասագրքի տպագրության ընթացքում բաց է թողնվել նկարի տեղադրման փուլը: Սոցիալական ցանցերում բուռն քննադատությունից հետո նախարարությունը խոստացավ շտկել խնդիրը և Մաշտոցի նկարը ներառել դասագրքի հաջորդ տպագրության մեջ:
