Դատարանը 3 ամսով երկարաձգել է Արթուր Սարգսյանի տնային կալանքը – Armenia Today

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը դատարանը երկարաձգել է ևս երեք ամսով։ Դատարանն անփոփոխ է թողել նաև խափանման միջոցի հետ կապված սահմանափակումները։

Սարգսյանի պաշտպան Արամ Վարդևանյանն «աբսուրդային» է անվանել նրա տնային կալանքը շարունակելու մասին միջնորդությունը։ Վարդևանյանի խոսքով՝ Սարգսյանը ոչ մի կերպ չի կարող ազդել նախաքննության վրա, քանի որ նրա դեմ ներկայացված ապացույցները գաղտնալսումներ են։

Սարգսյանը հայտարարել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում, որի նպատակն իր քաղաքական գործունեության կասեցումն է։

Այսօր ավելի վաղ «Սրբազան պայքարի» գործով անցնող «Կամք» նախաձեռնության առաջնորդ Վահագն Չախալյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

ԱԱԾ-ն հունիսի 25-ին խուզարկություններ էր իրականացրել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների բնակարաններում: Կալանավորվել էր 16 անձ՝ իշխանությունը յուրացնելու և ահաբեկչություն նախապատրաստության մեղադրանքով։

Leave a Comment