Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, այսօր՝ փետրվարի 26-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։
Նրա խոսքով, չնայած առաջին հայացքից հարցը պարզ է թվում, սակայն էության մեջ մտնելիս առաջանում է երկընտրանք: «Պայքարել մի քանի մանդատների համար, թե՞ ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ՝ նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն ուժերի համար, ովքեր հավակնում են հաղթել», – նշել է Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշումը կայացվելու է հաջորդ ամսվա վերջին կամ ապրիլի սկզբին կայանալիք համագումարում՝ կուսակցական ակտիվի և պատվիրակների հետ խորհրդակցելուց հետո:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ վերջին շրջանում ակտիվացած «փոխհրաձգությանը»՝ Սարգսյանը նշել է, որ որևէ խնդիր չի տեսնում: «Ջրերը զուլալվում են, և մենք որևէ խնդիր չունենք»,- հայտարարել է նա:
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար արդեն իսկ հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ցուցակի ձևավորման աշխատանքներ է տանում։ Ընդդիմադիր դաշտում ընտրություններին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել «Հայաստան» դաշինքը, «Հզոր Հայաստան» կուսակցությունը (գործարար Սամվել Կարապետյանի գլխավորությամբ), «Բարգավաճ Հայաստան» և «Մայր Հայաստան» դաշինքը (Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան), ՀՅԴ «Դաշնակցությունը», «Հայ Ազգային Կոնգրես»-ը (Լևոն Զուրաբյան), «Միասնության թևերը» (Արման Թաթոյան), «Նոր ուժ» (Հայկ Մարության), «Լուսավոր Հայաստան» (Էդմոն Մարուքյան), «Հանրապետություն» կուսակցությունը (Արամ Սարգսյան), «Հայաստանի շնորհապետական կուսակցությունը» (Գուրգեն Սիմոնյան) և «Բոլորին դեմ եմ» շարժումը։
Ընտրական քարտեզի վերաբերյալ առավել մանրամասն Armenia Today-ի տեսանյութում՝
