Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն, այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Վեոլիա ջուր» ընկերության կողմից նախօրեին հրապարակված՝ 17-ժամյա ջրամատակարարման ռեժիմի անցնելու որոշումը չի համաձայնեցվել կոմիտեի հետ և արդեն իսկ չեղարկվել է:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք «Վեոլիա ջրի» փաստարկները հիմնավորված են, Ղալամքարյանը հաստատել է, որ ընկերությունը չի խաբում: «Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա «պիկ» ամիսներին, դա փաստ է: «Վեոլիան» նախապես ասում է՝ ամառվա ամիսներին 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել, ինչն այդպես է: Հարցն այն է, թե ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի»,- պարզաբանել է նա:
Ղալամքարյանը տեղեկացրել է, որ ջրամատակարարման ռեժիմները կվերանայվեն և կբարելավվեն: «Այն հասցեներով, որտեղ նախատեսվում էր 17-ժամյա ռեժիմ, ջրամատակարարման ժամերը կավելացվեն», – հայտարարել է նա։ Հնարավոր է, որ ջրանջատումները լինեն ոչ թե 00:00-07:00, այլ, օրինակ, 02:00-05:00 ժամանակահատվածում։
Անդրադառնալով խմելու ջրի կորուստների խնդրին՝ Ղալամքարյանը նշել է, որ առկա է ապօրինի ջրօգտագործման լուրջ խնդիր: «Մենք տեսնում ենք, որ ջուրը, որը պիտի հասներ Կենտրոն կամ Արաբկիր, չի հասնում, ճանապարհին կորում է», – ասել է նա:
Ցայտաղբյուրների ապօրինի ջրօգտագործման հետ կապված նա նշել է, որ պատմական արժեք ներկայացնող ցայտաղբյուրները պահպանվելու են, սակայն մյուսների մոտ տեղադրված փականներից 300-ից ավելին վնասվել է:
«Վեոլիա ջուր» ընկերությունը 2026 թվականի փետրվարի 23-ին հրապարակել էր ջրամատակարարման գրաֆիկը, ըստ որի՝ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանում և հանրապետության ողջ տարածքում նախատեսվում էր ջուր մատակարարել օրական 17 ժամ (07:00-24:00)։ Սահմանափակումները պետք է անդրադառնային մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանների բազմաթիվ հասցեների վրա։
Ընկերությունը պատճառաբանել էր, որ նման քայլը պայմանավորված է ամռան ամիսներին ջրի սպառման ծավալների աճով, տասնյակ հազարավոր նոր սպառողների միացմամբ, ջրաղբյուրների ջրատվության նվազմամբ (շուրջ 24%-ով), ինչպես նաև գիշերային ժամերին ջրի կորուստները կանխելու անհրաժեշտությամբ։
Հրապարակումը հասարակության և լրատվամիջոցների կողմից արժանացել էր կտրուկ բացասական արձագանքի։
Արդեն փետրվարի 25-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ գրաֆիկը կասեցվել է կառավարությունում շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ կայացած քննարկման արդյունքում։
