Կոնֆերենցիաների լիգայի անցումային փուլի պատասխան խաղում հոլանդական «ԱԶ Ալկմարը» սեփական հարկի տակ կընդունի «Նոային»: Հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հոլանդական ակումբի պորտուգալացի պաշտպան Ալեշանդրե Պենետրան խոսել է թիմի տրամադրվածության և այն սխալների մասին, որոնք թույլ են տվել Երևանում կայացած առաջին խաղում։
«Կարծում եմ՝ մեզ չէր հերիքում վերջին փոխանցումը: Դա բավարար չէր։ Նաև մենք հակագրոհների ժամանակ մի քանի վտանգավոր պահեր բաց թողեցինք մեր դարպասին, հատկապես՝ եզրային նետումներից հետո: Սա խոսում է այն մասին, որ մեր կենտրոնացվածությունը հարյուր տոկոսանոց չէր, գուցե ութսուն տոկոս էր։ Եթե մենք կենտրոնանանք մեր անելիքի վրա, կարող ենք հաղթել գրեթե ցանկացած թիմի: Մենք շատ ենք հավատում մեր որակներին և խաղային մարտավարությանը»,- նշել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ «ԱԶ Ալկմար»-«Նոա» պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ Նիդերլանդների Ալկմար քաղաքի «ԱՖԱՍ» մարզադաշտում։