Օմանում 2026 թվականի փետրվարին կայացած ուղտերի գեղեցկության մրցույթում 20 մասնակից որակազրկվել է բոտոքսի, սիլիկոնի և այլ կոսմետիկ միջոցների կիրառման պատճառով, գրել է Forbes – ը:
Ուղտերի գեղեցկության մրցույթները գնահատվում են չորս հիմնական չափանիշներով՝ մորթի, վիզ, գլուխ և սապատ: Ժյուրին ուշադրություն է դարձնում փայլուն մորթուն, երկար և նրբագեղ լայն վզին, մեծ գլխին՝ փքուն շուրթերով և երկար մուգ թարթիչներին, ինչպես նաև գեղեցիկ կեցվածքով սապատին:
Օմանի ուղտերի ակումբը և Ուղտերի արշավի ֆեդերացիան խստորեն դատապարտել են խարդախության փորձերը: «Մենք վճռական ենք դադարեցնել ուղտերի գեղեցկացման հետ կապված ցանկացած կեղծիք և խաբեություն», – հայտարարել են կազմակերպիչները՝ խոստանալով «խիստ պատիժ մանիպուլյատորների համար»:
Ուղտերի գեղեցկության տնտեսությունը վերածվել է բազմամիլիոնանոց արդյունաբերության, որը գրավում է բուծողների, զբոսաշրջիկների և ներդրողների ամբողջ տարածաշրջանից: Մրցանակային ֆոնդերը հաճախ գերազանցում են 66 միլիոն դոլարը:
Անասնաբուժական փորձագետները նշում են, որ կոսմետիկ միջոցների կիրառումը լուրջ վտանգ է ներկայացնում կենդանիների առողջության համար: Բոտոքսը կարող է կաթվածահար անել սնվելու և խմելու համար կարևոր նյարդերը, ինչը հանգեցնում է սննդային խնդիրների: Դերմալ լցոնիչներն ու սիլիկոնը առաջացնում են քրոնիկ բորբոքում։
