Նախատեսվում է սահմանել պատասխանատվություն` մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար

Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրինագծի նպատակն է որոշակիացնել մաքսային ստուգումների իրականացման գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով չկարգավորված հարաբերությունները, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, վերանայել պատասխանատվության նորմերը մաքսային ստուգման արդյունքներով հայտնաբերված իրավախախտումների համար: Նախագծով առաջարկվում է` սահմանել, որ կամերալ ստուգման ժամկետը չի կարող գերազանցել 40 աշխատանքային օրը, ինչպես նաև կամերալ ստուգման սկսելու մասին ստուգման ենթակա անձը պետք է ծանուցվի, հանել կամերալ մաքսային ուսումնասիրության տեսակը, որը կրկնում է Օրենսգրքով սահմանված մաքսային հսկողության ձևերը, սահմանել ստուգման ժամկետի կասեցման վերացման դեպքերը, ինչպես նաև գործնականում հանդիպած և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կասեցման հիմքերի համանմանությամբ սահմանել նաև մաքսային ստուգման ժամկետի կասեցման համապատասխան հիմքեր, սահմանել մաքսային ստուգման ակտի վերաբերյալ ստուգվող անձի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետ, սահմանել ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա` մաքսային մարմնի կողմից կայացվող որոշումների տեսակները: Նախատեսվում է նաև սահմանել և հստակեցնել մաքսային ստուգմանն առնչվող փաստաթղթերի ծանուցման եղանակները: Մասնավորապես` որպես ծանուցման եղանակներ սահմանվել են` առձեռն եղանակը, էլեկտրոնային փոստը, փոստային կապը և հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը։ Օրինագծով առաջարկվում է սահմանել պատասխանատվություն` մաքսային ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտումների համար՝ կազմակերպությունների նկատմամբ:

Leave a Comment