«Բարսելոնան» վերջին շաբաթների ընթացքում ակնհայտ խաղային անկում է ապրում՝ կրելով մի քանի ցավալի պարտություն։ Այնուամենայնիվ, ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը վստահ է, որ թիմը կկարողանա լիովին հաղթահարել այս բարդ շրջանը կիսապաշտպան Պեդրիի շարք վերադառնալուց հետո:
Ինչպես փոխանցում է The Touchline պարբերականը, գերմանացի մասնագետը Պեդրիին համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստ: Ըստ Ֆլիկի՝ հենց նա է ապահովում խաղային հավասարակշռությունը և իր շուրջը համախմբում կոլեկտիվը։
Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ մեկ ամիս։ Նա խաղադաշտ վերադարձավ նախորդ հանգստյան օրերին՝ փոխարինման դուրս գալով «Լևանտեի» դեմ հանդիպման ժամանակ:
Չնայած վերջին անհաջողություններին՝ «Բարսելոնան» շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ 1 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Ռեալից»: