ՊԵԿ-ը ՀՀ արտահանման խթանման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագրի կատարողների ցանկից դուրս

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է Պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի N 1068-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է Պետական եկամուտների կոմիտեին հանել Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագրի M1.3.3-րդ, M1.3.4-րդ կետերի միջոցառումների կատարողների ցանկից։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1068-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագրի M1.3.3-րդ, M1.3.4-րդ կետերի «Պատասխանատու մարմին» սյունակից հանել «Պետական եկամուտների կոմիտե» բառերը:
  • Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Որոշման 2-րդ հավելվածի M1.3.3-րդ և և M1.3.4-րդ կետերով նախատեսվում են իրականացնել առանցքային ապրանքների արտադրության, պիտակավորման և արտահանման ավելի արդյունավետ վերահսկողություն համապարփակ համակարգի ներդրման միջոցով, որը ներառում է նշված գործընթացներում որակի անհրաժեշտ չափանիշներին ու կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովման ընթացակարգերը և բիզնես գործընթացները, ինչպես նաև ներդնել hետագծելիության միջոցներ, ինչպիսիք են յուրահատուկ նույնացուցիչները կամ QR կոդերը, որոնք կարող են թույլ տալ սպառողներին և կարգավորող մարմիններին հետևել յուրաքանչյուր միավոր ապրանքի ծագմանն ու արտադրության գործընթացին:

Վերը նշված կետերով սահմանված գործողությունների իրականացման համար կատարող մարմին է  սահմանված նաև պետական եկամուտների կոմիտեն:

Վերոնշյալ միջոցառումների իրականացման գործընթացները, ըստ էության, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ սահմանված` Պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված գործառույթներին, ինչով պայմանավորված` առաջարկվում է Պետական եկամուտների կոմիտեին հանել միջոցառումների կատարողների ցանկից:

Leave a Comment