Սոցիալական հարթակներում, այդ թվում՝ Facebook-ում կատարված հրապարակումների համար քրեական հետապնդումը իրավաչափ է, եթե դրանք պարունակում են ատելության խոսքի տարրեր, խտրական կամ վիրավորական արտահայտություններ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում մի կնոջ կալանավորել են, ինչպես նաև ձերբակալել են Tik-Tok-ի բլոգերին՝ վարչապետ Փաշինյանին քննադատելու պատճառով։
«Հիմա ինչպե՞ս ես մեկնաբանեմ։ Դուք հարցը տալիս եք այնպես, որ ստացվում է, որ ինչ էլ արված լինի, իրավաչափ չի կարող լինել, իսկ իմ պատասխանը հետևյալն է. եթե այդ խոսքը պարունակում է ատելության հատկանիշներ, վիրավորական արտահայտություններ և այլն, որոնք հատում են շեմը այլևս քրեորեն հետապնդելի արարք համարվելու, այո՛, իրավաչափ է քրեորեն հետապնդման ցանկացած գործողություն», – ասաց նախարարը։
Պատասխանելով դիտարկմանը, որ իշխանությանը քննադատողների նկատմամբ գործեր են հարուցվում, իսկ ընդդիմության ներկայացուցիչներին քննադատողների նկատմամբ՝ ոչ, Սրբուհի Գալյանը նկատեց՝ ինքը չի ընդունում խտրական որևէ դրսևորում:
«Ես կարծում եմ, որ ցանկացած արարքի պետք է տալ ճշգրիտ գնահատական, և համանման իրավիճակներում այդ գնահատականները պետք է լինեն նույնը: Ես դրա կողմնակիցնե եմ», – հավելել է նա:
Հիշեցնենք՝փաստաբան Ռոման Երիցյանն ավելի վաղ հայտնել էր տիկտոկյան հայտնի բլոգեր Հայկ Եղյանի ձերբակալության մասին՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու համար։ Եղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով (խուլիգանություն)։ Նա արդեն մի քանի օր է՝ գտնվում է ՔԿՀ-ում. պաշտպանական կողմը տեղի ունեցածն անվանում է քաղաքական հետապնդում։