Համաձայնագրի վավերացումը կնպաստի Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման արդիականացմանն ու բարելավմանը

Ծրագիրն ուղղված է լինելու Հայաստանի ոռոգման, ջրամատակարարման եւ ջրահեռացման  արդիականացմանն ու բարելավմանը: Ծրագիրն ունենալու է չորս հիմնական բաղադրիչ. առաջին՝ ջրային ոլորտի բարեփոխում եւ կլիմայադիմացկուն ոռոգման եւ գյուղական ջրամատակարարման,  ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, երկրորդ՝  գյուղական բնակավայրերի ջրամատակարարման եւ  ջրահեռացման բարելավում, երրորդ՝ ոռոգման ենթակառուցվածքների եւ համակարգերի կառավարման արդիականացում եւ չորրորդ՝ ծրագրի կառավարում:  Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 26-ի արտահերթ նիստում: Կոմիտեի նախագահը քննարկման է ներկայացրել ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հայաստանի ջրի եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Ֆրանսիական զարգացման գործակալության կողմից՝ 70 մլն եվրո գումարի չափով եւ Հայաստանի Կառավարության կողմից՝  հարկերի,  տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսքով:

Զեկուցողը նշել է, որ ծրագիրը բազմափուլ է: Առաջին փուլը նախատեսված է 5 տարվա համար. կլինի նաեւ Ծրագրի երկրորդ փուլ:  Առաջին փուլի համար նախատեսվում է 185 մլն դոլարի, իսկ երկրորդ փուլի համար՝ 250 մլն դոլարի չափով գումար:

Արամազդ Ղալամքարյանի խոսքով մինչեւ այսօր ոլորտը չի ունեցել ռազմավարություն կամ որեւէ ռազմավարական ծրագիր:

Պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին՝ զեկուցողը մասնավորապես տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղվելիք լուրջ գումարներ են հատկացված, բայց  դրանում ներգրավված չեն ջրամբարները: Ծրագրի շրջանակում կիրականացվի  ջրանցքների արդիականացում եւ թարմացում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: Առաջարկվել է այն ներառել Աժ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Leave a Comment