Ֆրանսիացի գիտնական Անտուան Ժան Սեն-Մարտենի զարմանալի սերն առ Հայաստան. «Հայագիտակ»

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Եվրոպայում ձևավորված արևելագիտական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ֆրանսիացի գիտնական Սեն-Մարտենը, փայլուն տիրապետում էր արևելյան բազմաթիվ լեզուների, այդ թվում՝ գրաբարին։ Հայոց հին լեզվի խորացված իմացությունը նրան հնարավորություն տվեց հիմնավորապես ուսումնասիրել հայոց պատմությունը, համադրել այն այլալեզու աղբյուրների հետ և Եվրոպային ներկայացնել Հայաստանը՝ որպես հնագույն մի քաղաքակրթություն։

ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանն, ուսումնասիրելով Սեն-Մարտենի կյանքն ու գործունեությունը, նշում է, որ մինչ նրան եվրոպական գիտական շրջանակները, գրեթե, ոչինչ չգիտեին Հայաստանի մասին, քանի որ հայկական պետականությունը բացակայում էր։ Երբ Արևելյան Հայաստանը մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ, գիտնականը նամակով դիմեց ռուսաց ցարին՝ խնդրելով աջակցել և թույլ տալ ուսումնասիրել հայաբնակ տարածքները։ Թեև կայսրը բարեհաճ գտնվեց, սակայն, հայտնեց, որ այդ տարածքներում շրջելն այն ժամանակ խիստ վտանգավոր է։

Ի դեպ Սեն-Մարտենի նամակը հանձնողին սպանել էին կովկասցի լեռնականները։ Ցավոք, մեծանուն հայագետն այդպես էլ չտեսավ իր երազած Հայաստանը, քանի որ մահացավ շատ վաղ՝ ընդամենը 41 տարեկանում։ Գիտնականի երկհատորանոց հիմնարար աշխատությունը, որտեղ նկարագրված էին Հայաստանի բնությունը, աշխարհագրությունը, գավառներն ու պատմությունը, ժամանակին ռումբի պայթյունի տպավորություն թողեց՝ արթնացնելով եվրոպացի բազմաթիվ գիտնականների հետաքրքրությունը Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ։

Leave a Comment