Մարզային դպրոցների օպտիմալացում. արդյունավետությո՞ւն, թե՞ սոցիալական անհրաժեշտություն. «Դպրություն»

Հայաստանի Հանրապետությունում կրթության ոլորտի քաղաքականությունը մշակում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Վերջին տարիներին հայտարարվել է դպրոցների օպտիմալացման գործընթաց, որի շրջանակում որոշ դպրոցներ միավորվում են, որոշ դեպքերում՝ դադարեցնում գործունեությունը։ Հիմնական հիմնավորումները վերաբերում են աշակերտների թվի նվազմանը, ֆինանսական արդյունավետությանը և կրթության որակի բարելավմանը։

Կրթական համակարգում իրականացվող օպտիմալացման ծրագրերը մի կողմից ներկայացվում են որպես արդյունավետության բարձրացման միջոց, մյուս կողմից՝ անհանգստություն են առաջացնում համայնքներում։ Ի՞նչ է իրականում կատարվում, ո՞րն է նպատակը և ինչպե՞ս է դա ազդում մարզային կյանքի վրա։

Թամարա Սարգսյան

«Մենք խոսում ենք կրթական որակյալ ծառայությունները հնարավորինս մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու մասին, և մեր ուշադրության կենտրոնում մարզային, և հատկապես փոքր բնակավայրերն են։ Այս պահին ունենք 413 բնակավայր, որտեղ դպրոցներում երեխաների թիվը 100-ից պակաս է։ Եվ ունենք շուրջ 162 բնակավայր, որտեղ այդ թիվը չի գերազանցում 32-ը։ Դասարանների կազմավորման կարգով հաստատված է՝ դասարաններում աշակերտների թիվը 35-ից ավելի լինելու դեպքում է, որ 2-րդ դասարան է ձևավորվում։ Ստացվում է, որ մեր Հանրապետությունում ունենք շուրջ 162 դպրոց, որտեղ երեխաների թիվը նույնիսկ 1 դասարանից ավելի թիվը չի գերազանցում»,- ասում է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։

Դպրոցների միավորման և փակման գործընթացը բազմաշերտ խնդիր է։ Պաշտոնական հիմնավորումները վերաբերում են արդյունավետության բարձրացմանն ու ռեսուրսների օպտիմալ բաշխմանը, սակայն հարց է առաջանում՝ ինչպե՞ս են այս փոփոխությունները ազդելու երեխաների, նրանց ծնողների և ուսուցիչների հոգեբանական բարեկեցության վրա։

Արաքս Առաքելյան

«Կարծում եմ շատ կարևոր է հոգեբանական բաղադրիչի վերաբերյալ խորը բովանդակային հետազոտություն կազմակերպել և ունենալ կոնկրետ տվյալներ՝ համեմատելու, թե  համայնքային փոքր դպրոցում ուսումնառության ընթացքում երեխաները ի՞նչ դժվարություններ և ի՞նչ ձեռքբերումներ են ունենում և տեղափոխությունից հետո այդ տվյալները որևէ փոփոխության ենթարկվում են, թե՞ ոչ։ Մյուս կողմից՝ կարող ենք դիտարկել երևույթը անհատական ու հանրային մակարդակում։ Շատ ակտուալ են դառնում երեխաների համար ինքնահաստատման, ինքնակայացման, իրենց «առավելությունը» ցույց տալու երևույթները, հատկապես, եթե խոսում ենք 5–9–րդ դասարանի մասին։ Այստեղ շատ կարևոր է բուն մասնագիտական հոգեբանական աջակցությունը և՛ երեխաներին, և՛ ուսուցիչներին»,– ասում է կրթության հոգեբան Արաքս Առաքելյանը։

Հստակ է, որ պետությունը ձգտում է արդյունավետության, սակայն կարևոր է, որ յուրաքանչյուր որոշում կայացվի թափանցիկության, հանրային քննարկումների և համայնքների կարծիքի հաշվառման պայմաններում։

Leave a Comment