26 փետրվարի 2026 – 10:56 AMT
PanARMENIAN.Net – Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման մակարդակում, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ անդրադառնալով թոշակների բարձրացման մասին լուրին:
«Մեր հայրերին ու մայրերին ՔՊ-ն դարձրել է քաղաքական գործիք։
Եկեք տեսնենք, թե ինչ է արել ՔՊ-ն. թոշակներն ավելացրել է օրական 330 դրամով ու հարցը փակել՝ իբր մարդկանց կյանքի որակը փոխվեց, այն էլ՝ այս գնաճի պայմաններում։
Եկեք տեսնենք՝ արդյոք սա առաջընթաց է։
2025 թ. նվազագույն պարենային զամբյուղը 42,614 դրամ է։ Սա այն գումարն է, որով թոշակ ստացող մարդը կարողանա նվազագույն մթերքներ ձեռբերել․ որպեսզի գոյատևի և սովից չմահանա։
Բացի պարենային զամբյուղից, կա նաև նվազագույն սպառողական զամբյուղ՝ 78,836 դրամ։ Սպառողական զամբյուղը ներառում է ոչ միայն պարենային զամբյուղը, այլ նաեւ հագուստի, լույսի, ջրի, գազի և այլ վճարները։
Թոշակ ստացող մարդը շարունակելու է ապրել գոյատևման, ոչ թե արժանապատիվ կյանքի մակարդակում։
Ամենակարևոր դիտարկումներից. երբ կենսաթոշակների բարձրացումը հայտարարվում է ընտրություններից 3 ամիս առաջ, ապա սա ոչ թե բարեփոխում է, այլ մեր հայրերի և մայրերի արժանապատվության ոտնահարում՝ քաղաքական հաշվարկներով։
Թոշակները, անկասկած, պետք է բարձրացվեն, բայց դա պետք է լինի մտածված քաղաքականություն, այլ ոչ թե ավագ սերնդի շահարկմամբ քաղաքական օգուտներ ստանալու ակցիա։
Մենք սոցիալական քաղաքականությունը կառուցելու ենք ոչ թե պատեհապաշտությամբ, այլ կյանքի որակի բարելավմանն ուղղված իրական ցուցանիշների վրա»,-գրել է նա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասել է, որ ՔՊ-ն խոստացել էր կենսաթոշակները հավասարեցնել նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին, ինչը չի արվել, հայտնում է «Փաստինֆոն»:
Նա նշել է, որ վերջին տարիներին կենսաթոշակներն ու նպաստները աճել են զգալիորեն ավելի դանդաղ տեմպերով, քան արձանագրված գնաճն է եղել։ Նրա գնահատմամբ՝ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը արդեն հասել է մոտ 80 հազար դրամի, մինչդեռ կենսաթոշակները նույնիսկ այս բարձրացումից հետո էապես ցածր կլինեն այդ շեմից։
«Այս բարձրացումը հաշվի առնելով միջին կենսաթոշակը մոտ 60,000 է դառնալու, այն դեպքում, երբ որ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 20 հազարով ավելի է։ Դա է իրականությունը, իսկ ընդհանուր առմամբ՝ սա ոչ թե պիտի լիներ նախընտրական փուլում և զուտ էդ նախընտրական տրամաբանության մեջ, այլ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն է շատ վաղուց»,-ասել է նա:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ թոշակների բարձրացումը պայմանավորված է եղել իշխանության կողմից վտանգի զգացողությամբ։ Նա շեշտել է, որ պետական բյուջեում ի սկզբանե նախատեսված չի եղել կենսաթոշակների ավելացման դրույթ, հայտնում է Panorama.am-ը:
«Պետական բյուջեն ընդունվել է երկու ամիս առաջվա ծրագրով, որտեղ չկար թոշակը բարձրացնելու կետ։ Մենք սա համարում ենք հաղթանակ և ուրախ ենք այս փաստի համար։ Վերջապես, այսքան տարիներ հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ»,- ասել է նա։
Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը՝ արդյոք սա «ընտրակաշառք» չէ թոշակառուներին, Կարապետյանն արձագանքել է՝ ասելով՝ թող մարդկանց համար դրական ազդեցություն թողնի։
«Մարդիկ, ովքեր 35,000 դրամ են ստանում, թող իրենց համար դրական ազդեցություն թողնի, մեր հասարակությունն ունի բարձր իրավագիտակցություն, բարձր գիտակցություն։ Կարծում եմ՝ ինչ էլ ուզենան անել, մարդիկ իրենց կարծիքը կասեն։ Այսքան տարիներ հետո լուրջ փոփոխություն եղավ՝ բյուջեում չնախատեսված աճ ՝ ճնշման արդյունքում, վտանգ զգալու արդյունքում իրենք նախատեսեցին և թոշակները բարձրացրեցին։ Սա հաղթանա՞կ չէ»,-ասել է նա:
Քաղաքական գործիչը միաժամանակ նշել է, որ վերջին 3-4 տարիների ընթացքում կենսաթոշակների փաստացի աճը էականորեն չի տարբերվել նախապես հայտարարված ցուցանիշներից։
«Լավ կլիներ, որ սա նաև հակառակ համեմատական ունենար պարգևավճարների հետ՝ պարգևավճարներ վերանայվեին դեպի նվազում, իսկ թոշակները՝ դեպի ավելացում»,- ասել է նա։
Հայաստանում ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան՝ չհաշված հետվճարը, ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիմնավորել է որոշումը 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվածից բարձր լինելու հանգամանքով:
«Ապրիլի 1-ից կենսաթոշակները կավելանան։ Ընդ որոշում համեմատաբար ցածր թոշակները կավելանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ: Այս հաշվարկների մեջչկա անկանխիկ առևտրից ստացվող հետվճարը։ Հետվճարն արդեն առանձին հաշվարկ է. որի մասին բազմիցս խոսել ենք»,-ասել է նա։