Փոխվարչապետը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է ներդրումների ընդլայնումը

Փոխվարչապետը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է ներդրումների ընդլայնումը

26 փետրվարի 2026 – 10:58 AMT

PanARMENIAN.Net – Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ֆրանսիացի գործարարների հետ քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունը: Նա ընդունել է «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության Հարավային Կովկասի երկրների խմբի նախագահ Գոթիե Ռիկորի ղեկավարած պատվիրակությանը։

Փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսական կապերի շարունակական առաջընթացը՝ ընդգծելով, որ նման ներկայացուցչական կազմով այցը վկայել է երկկողմ գործարար հարաբերությունների ընդլայնման մասին։ Այս համատեքստում նա անդրադարձել է մասնավոր հատվածների համագործակցության նշանակությանը՝ շեշտադրելով նոր որակի բիզնես մշակույթի ձևավորումը, ներդրումների ներգրավմանը զուգահեռ նոր գիտելիքի, տեխնոլոգիաների և կարողությունների զարգացումը։

Հանդիպման ընթացքում ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները և պատրաստակամություն հայտնել իրենց փորձն ու մասնագիտական ներուժը ներգրավելու Հայաստանում տարբեր ձևաչափերով ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում։

Համագործակցության հնարավոր ուղիներին անդրադառնալով՝ Տիգրան Խաչատրյանը վստահեցրել է, որ կառավարությունն իրականացրել է հետևողական քայլեր՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերը խորացնելու և Հայաստանի ներդրումային միջավայրը ֆրանսիական ընկերությունների համար առավել գրավիչ դարձնելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Leave a Comment