ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հույս է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը կավարտվի այս տարի, հայտնել է Axios-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Ըստ կայքի՝ Թրամփը պատասխանել է, որ պատերազմը չափազանց երկար է տևել և կցանկանար, որ այն ավարտվի մեկ ամսից։ Թրամփի և Զելենսկու միջև զրույցն ընթացել է «բարեկամական և դրական», նշել է կայքը։
Ըստ աղբյուրի՝ նրանք նշել են, որ երկու առաջնորդների կողմից քննարկված հարցերից մեկը Ռուսաստանի առաջնորդի հետ հնարավոր եռակողմ գագաթնաժողովն է։ Թրամփը Զելենսկիին ասել է, որ կաշխատի նման եռակողմ գագաթնաժողով անցկացնելու ուղղությամբ, եթե մարտի սկզբին նախատեսված ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների հաջորդ հանդիպումը ավելի մեծ առաջընթաց արձանագրի։
Զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահը նաև հաստատել է իր պատրաստակամությունը՝ Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի անվտանգության զգալի երաշխիքներ՝ որպես Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի մաս։
