Փաշինյանը հայտարարել է , որ խաղաղությունը կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է , որ խաղաղությունը տարածաշրջանում կառուցման փուլում է, որի մասին պետք է հոգ տանել:
«Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով չեղան սահմանային զոհեր: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում»,- նշել է նա Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
«Դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»,- ասել է վարչապետը։
ԱՄՆ-ի դերի մասին
ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ խաղաղության ճարտարապետությունը հիմնված է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա և խաղաղության գործընթացն իր գագաթնակետին է հասել օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին ընդունված համատեղ հռչակագրի ստորագրմամբ:
Վարչապետի խոսքով՝ առանց ԱՄՆ նախագահի մասնակցության, անձնական ներգրավվածության և նախաձեռնության խաղաղության գործընթացն անորոշ կլիներ, և միանշանակ է, որ ԱՄՆ նախագահի նախաձեռնությունը և մասնակցությունը շատ կարևոր դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության համար:
Բրյուսելյան պայմանավորվածությունների մասին
Երկրի ղեկավարը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման համար այնպիսի կարևոր փուլերի մասին, որոնցից է՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հրավերով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ դրանով Հայաստանը և Ադրբեջանը որոշեցին ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և քաղաքական անկախությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։