ԶԼՄ-ն իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ժամանակավոր «հրադադարի» մասին է հայտնել

«Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, որ ԱԺ առաջիկա ընտրություններից առաջ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավը կարող է վնասել իրենց վարկանիշին, ուստի հնարավոր է՝ ժամանակավոր «հրադադար» հաստատվի մինչև հունիսի 7-ը, գրել է «Հրապարակ» օրաթերթը։

Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում անցած կիրակի՝ փետրվարի 22-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվան չզեղչելը տարակուսանք է առաջացրել իշխանական թիմում: Ըստ թերթի աղբյուրների՝ ՔՊ-ի ներսում հակված են նրան, որ առնվազն այս փուլում հրադադար կկնքվի, և կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Եթե հունիսի 7-ին իշխանությունը հաղթի, ապա, ըստ այս տեսակետի, հարցն ինքն իրեն կլուծվի, և վեհափառն ինքնակամ կհեռանա։

Փաշինյանը 10 բարձրաստիճան հոգևորականների հետ հունվարի 5-ին ստորագրել է «Հայ առաքելական եկեղեցու բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում էր Գարեգին Բ-ի հեռացումը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է ամեն կիրակի մասնակցել պատարագի, սակայն միայն այն եկեղեցիներում, որտեղ քահանաները համաձայնեն չհիշատակել կաթողիկոսի անունը։ Նա ամիսներ շարունակ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, սակայն Գարեգին Երկրորդը բազմիցս է ակնարկել, որ հեռանալու մտադրություն չունի:

Leave a Comment