Ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք. Կարապետյանը՝ ջրի և էներգետիկայի ոլորտներում առկա վիճակի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանի ջրային և էներգետիկ ոլորտներում ստեղծված իրավիճակը ոչ էֆեկտիվ կառավարման և հանրային քաղաքականության բացակայության արդյունք է:

«Մենք հասել ենք նրան, որ 21-րդ դարում Երևան քաղաքում մեկ շիշ ջուրն անհասանելի է լինելու հարյուր հազարավոր բնակիչների համար», – ասել է նա՝ մեկնաբանելով «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման ժամերը կրճատելու որոշումը:

Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում ջուրը որոշ հասցեներում կմատակարարվի առավոտյան ժամը 07:00-ից մինչև կեսգիշեր՝ օրական 17 ժամ տևողությամբ:

Ընդգծելով, որ ջուրն անհրաժեշտություն է, այլ ոչ թե ճոխություն, Կարապետյանը շեշտել է խնդիրը պատշաճ կառավարման միջոցով լուծելու անհրաժեշտությունը: Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարեկան մեկ շնչի հաշվով ստանում է 3300 խորանարդ մետր ջուր, ինչը կրկնակի ավելի է, քան համաշխարհային միջին ցուցանիշը՝ 1800 խորանարդ մետրը: Հայաստանում ջրի կորուստը կազմում է 65%, ինչը նշանակում է, որ մատակարարվող ջրի միայն 35%-ն է հասնում սպառողներին:

Ավելին, կուսակցության ներկայացուցչի խոսքով, Հայաստանի տարեկան վերականգնվող ջրային պաշարները կազմում են 5 մլրդ խորանարդ մետր, որից օգտագործվում է միայն 170 մլն խորանարդ մետրը:
«Տարածաշրջանի ամենաջրառատ երկրներից մեկը չի կարող բախվել այս խնդրին: Ջուր կա, կառավարում չկա», – ընդգծել է նա: Կարապետյանը նաև հայտնել է, որ վերջին չորս ամիսների ընթացքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում էլեկտրաէներգիայի անջատումների թիվն աճել է 40%-ով:

«Մենք էներգետիկ ոլորտում տոտալ կոլապս ունենք, և մեր սխալ արտաքին քաղաքականության արդյունքում մենք վտանգում ենք նաև գազամատակարարումը՝ երկու հարևան երկրների հետ հարաբերությունները վատացնելու միջոցով», – հավելել է նա:

Կարապետյանը որպես լուծում մատնանշել է կորուստները կրճատելու անհրաժեշտությունը՝ հիշեցնելով, որ նախկինում էլեկտրաէներգիայի ոլորտում կորուստները 20-30%-ից կրճատել էին մինչև 6%: Նա նաև ընդգծել է կորուստների կրճատման հարցը լուծելու համար համապատասխան պաշտոնյաներ նշանակելու անհրաժեշտությունը:

Նա որպես ստեղծված իրավիճակի պատճառներ նշել է համակարգված ներդրումների, ճիշտ կառավարման և պետության խիստ մոտեցման բացակայությունը: Կարապետյանը նաև նշել է, որ Երևանի ամբողջ կենտրոնը սնուցվում է տասնամյակներ առաջ կառուցված ջրամբարներից, և դրանք տարիներ շարունակ չեն վերանորոգվել։

Մեկնաբանելով կառավարության կողմից կենսաթոշակների բարձրացման որոշումը՝ կուսակցության ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ սա ընդդիմության գործունեության և իշխանությունների կողմից «վտանգի զգացողության» արդյունք է։ Նա հիշեցրել է, որ պետական ​​բյուջեով նախատեսված չէր կենսաթոշակների բարձրացումը։

«Մենք սա համարում ենք հաղթանակ։ Մենք ուրախ ենք այս փաստի համար, որ վերջապես այսքան տարի հետո թոշակի այսպիսի բարձրացում եղավ»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ պաշտոնյաների պարգևավճարները զուգահեռաբար կկրճատվեն։

Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին, որ ապրիլի 1-ից նվազագույն կենսաթոշակը կբարձրացվի 10 000 դրամով՝ հասնելով 46 000 դրամի։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համեմատաբար ցածր կենսաթոշակը կբարձրանա 10 000 դրամով, իսկ ավելի բարձրները՝ ավելի փոքր չափով։

Leave a Comment