Ավստրալիայում սպանվել է Սիդնեյի 85-ամյա բնակիչ, հայազգի Քրիս Բաղսարյանը, հայտնում է ABC News-ը։
Ոստիկանությունը չի հայտնել նրա մահվան հանգամանքները։ Նրա առևանգման և սպանության համար մեղադրանք է առաջադրվել երկու տղամարդու։ Բաղսարյանն առևանգվել է Սիդնեյի Նորթ Ռայդ շրջանում գտնվող իր տնից փետրվարի 13-ի վաղ առավոտյան։
Հետաքննիչները կարծում են, որ զոհին, հավանաբար, շփոթել են ուրիշի հետ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երեք տղամարդ առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում թոշակառուին ստիպում նստել ամենագնաց մեքենան։ Ավելի ուշ, ոստիկանությունը հայտնել է, որ նրա ընտանիքին ուղարկվել է տեսանյութ, որտեղ ծեծում են առևանգվածին ու փրկագին պահանջում։
Հետաքննության շրջանակներում խուզարկություններ են անցկացվել Սիդնեյի մի քանի շրջաններում։ Խուզարկությունների 11-րդ օրը մարդու մարմնի մնացորդներ են հայտնաբերվել Փիթ Թաունի գոլֆի ակումբի մոտ, որոնք պատկանում են Բաղսարյանին։ Չորեքշաբթի առավոտյան հետաքննիչները մի շարք խուզարկություններ են անցկացրել Քենթերսթում, Քասլ Հիլում և Լեյք Մակքուորիում։ Առգրավվել են տրանսպորտային միջոցներ, էլեկտրոնիկա և հագուստ:
Ձերբակալվել է 29 և 24 տարեկան երկու տղամարդ: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից փրկագնի դիմաց կատարված սպանության և առևանգման համար, որը կատարվել է մարմնական վնասվածքներ պատճառելով: Կասկածյալներին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել, և նրանք կներկայացվեն Բլեքթաունի թագավորական դատարան:
