25 փետրվարի 2026 – 17:06 AMT
PanARMENIAN.Net – Մարտի 1-ի իրադարձությունների շրջանակում քննվող գործով նախկին պաշտոնյա է ձերբակալվել:
Քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն (Հովհաննես Թամամյան` խմբ.) առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հայտնում է Քննչական կոմիտեն:
«Դրանից անմիջապես հետո ոստիկանության ծառայողները կատարել են ակնհայտորեն իրենց պաշտոնեական լիազորություններից չբխող և դրանց շրջանակից դուրս արարք:
Մասնավորապես՝ բռնություն են գործադրել Է․Ա․-ի նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18․04․2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելուն դրդելը)։
2026 թվականի փետրվարի 25-ին Հ․Թ․-ն ձերբակալվել է՝ դատարան ներկայացնելու համար:
Նախաքննությունը շարունակվում է:
Փետրվարի 12-ին հայտնի դարձավ, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրանքներ են ներկայացվել նաև Վալերի Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին (Մելքոնյանն այն ժամանակ ՊՊԾ գնդի հրամանատարն էր, Վալերի Օսիպյանը` նրա տեղակալը):
2025 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1-ի» գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի։