Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան. «Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ 2021թ. նախընտրական խոստումներից մեկը եղել է կենսաթոշակի բարձրացումը՝ նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից հասցնել 37,000 դրամի։
«Այսօր վարչապետը հայտարարեց, որ մեր խոստմանը համապատասխան՝ արդեն գործող 36,000 դրամ նվազագույն կենսաթոշակը ապրիլի 1-ից կբարձրանա 10,000 դրամով, իսկ հետվճարի դեպքում ևս 10,000 դրամով՝ հասնելով 46,000 դրամի, այսինքն՝ շուրջ 20,000 դրամով կբարձրանա: 2018-21թթ․ ևս բարձրացվել էր կենսաթոշակը»,-հավելեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն նվազագույն կենսաթոշակին, այլև՝ բոլոր գործող կենսաթոշակներին: Կավելանան նաև առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամների կենսաթոշակները, զինվորականների նպաստները՝ ևս։
Հասմիկ Հակոբյանը այս ամենը գրագետ կառավարման արդյունք է համարում. «Սակայն սա բավարար չէ, և մենք հետևողականորեն անելու ենք ամեն ինչ, որպեսզի կենսաթոշակը բոլոր թոշակառուների համար ավելի արժանապատիվ դառնա»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու՝ Սամվել Կարապետյանի խոստումը ստիպեց իշխանություններին, որ գնան այդ քայլին։
Հասմիկ Հակոբյանը, սակայն, ծիծաղելի է համարում այս հայտարարությունը և նշում, որ ընդդիմադիրները տեսան դրական մի բան ու հասկացան, որ պետք է սևացնել այն, ինչպես խաղաղության համաձայնագրի դեպքում․
«Նույն ընդդիմադիրները քննադատել են հարկային քաղաքականությունը, եկամուտների աճը, բյուջեն, իսկ խորհրդարանական ընդդիմությունը բյուջեին դեմ է քվեարկել: Չի քվեարկել տնտեսական աճին և մեր եկամուտների աճին, ինչը ցույց են տալիս ներկայացված թվերը»,- ասաց նա։
