Ապահովագրական ևս 3 ընկերություն միացավ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի նախաձեռնությանը

Հուշագրի կնքման  նպատակն է՝  զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը և «ԱՐՄԵՆԻԱ Ինշուրանս», «ՌԵԳՈ Ինշուրանս» և «ՆԱԻՐԻ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները ստորագրեցին հուշագիր, որի նպատակն է զարգացնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ հուշագրի կնքման արդյունքում շահելու է քաղաքացին՝ պետության կողմից ունենալով բազային անհրաժեշտ բուժօգնության ծավալի ապահովագրություն, ինչպես նաև հավելյալ ծառայություններ ստանալու հնարավորություն մասնավոր ապահովագրական ընկերություններից։


«Այս բարեփոխումը վստահաբար նպաստելու Է Հայաստանում ապահովագրական միջավայրի է՛լ ավելի զարգացմանը, պրոդուկտների ցանկի է՛լ ավելի ընդլայմանը», – նշեց Ավանեսյանը։


Նշվում է, որ հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է առողջապահական համակարգի զարգացման գործընթացում, քանի որ այն նպաստում է ապահովագրական շուկայի համագործակցային ընդլայնմանը, ոլորտում միասնական մոտեցումների ձևավորմանը և քաղաքացիների առողջապահական պաշտպանության ամրապնդմանը։


Ըստ նախարարի՝ այս 2 ուղղությունների աշխատանքները պետք է լինեն փոխլրացնող՝ ուղղված քաղաքացիների շահերին։


Նշենք, որ նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին նաև «ԻՆԳՈ Արմենիա», «ԷՖԵՍ», «ԼԻԳԱ Ինշուրանս» և «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունները։


ՀՀ-ում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի մասին


2026 թվականին՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին անցնելու առաջին փուլում (2026-2028), ապահովագրված կլինի 1.7 միլիոն ՀՀ բնակիչ։ Նրանց թվում են 18 տարեկանից փոքր և 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք և սոցիալական նպաստներ ստացողները։ Այս անձանց համար պետությունը կծածկի ծախսերի 100%-ը։ Այս համակարգը կներառի նաև 190,000 աշխատող քաղաքացու, որոնց ամսական եկամուտը գերազանցում է 200,000 դրամը։ Առողջության ապահովագրության փաթեթի արժեքը կկազմի տարեկան 129,600 դրամ, որը կվճարվի ամսական։   


Ապահովագրությունը կծածկի ամենապահանջված ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր բուժօգնությունը, կլինիկա այցելությունները, ընտանեկան բժշկի այցելությունները, մասնագետների խորհրդատվությունները և տարեկան որոշակի քանակությամբ լաբորատոր հետազոտություններ։ Ծառայությունների ցանկը կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով որոշակի վիրաբուժական միջամտություններ, այդ թվում՝ ակնաբուժական (կատարկտ), սրտանոթային և այլն։ 


2026 թվականի բյուջեով առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար հատկացված է 127 միլիարդ դրամ։


 

Leave a Comment