Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկի Բաքվի՝ իր նկատմամբ կիրառած դատավճիռը

Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից, ասվում է հայտարարության տեքստում


ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կապված Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում կայացված դատավճռից հետո հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին:


Փետրվարի 17-ին Բաքվի զինվորական դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:


«Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ չուներ արդարադատության հետ», – նշված է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի տարածած հայտարարության մեջ։


Ըստ ընտանիքի տարածած հայտարարության՝ լսումների ընթացքում կատարվողը ոչ թե դատաքննություն էր, այլ բեմականացում։ Նիստերն անցկացվել են դռնփակ, անկախ դիտորդներին թույլ չի տրվել ներկա գտնվել, միջնորդություններն անտեսվել են։ Դատավճռի ամբողջական տեքստը դատարանի դահլիճում չի հրապարակվել։


«Սույն հայտարարության հրապարակման պահին ո՛չ Ռուբենին, ո՛չ էլ ընտանիքին տրամադրված չի եղել դատավճռի պաշտոնական, գրավոր տեքստը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչն ընթացակարգային ևս մեկ կոպիտ խախտում է ու թույլ չի տալիս նույնիսկ ֆորմալ առումով հասկանալ 20 տարվա ազատազրկման հիմքերը»,- նշված է հայտարարության մեջ։


Ըստ ընտանիքի՝ բողոքարկումն իմաստ ունի միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի առաջին ատյանի դատարանի սխալներն ուղղելու հնարավորություն։ Սակայն երբ խախտումներն ունեն համակարգային բնույթ և առնչվում են արդարադատության հիմնարար սկզբունքներին, բողոքարկումը վերածվում է ապօրինի հետապնդումը լեգիտիմացնող ևս մեկ գործիքի։


Նրանց հաղորդմամբ՝ այս պայմաններում վերադաս ատյան դիմելը կնշանակի ճանաչել դատական գործընթացի՝ իրավունքի նորմերի թեկուզ նվազագույն պահանջներին համապատասխանությունը, ինչը բնավ այդպես չէ։


«Ռուբենը գիտակցաբար հրաժարվում է դատական գործընթացի իմիտացիային մասնակցելուց։ Նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում», – նշել է ընտանիքը։


Հայտարարության մեջ նշվում է, որ բողաքարկումից հրաժարումը ոչ թե պայքարի ավարտ է, այլ հրաժարում՝ ֆարսին մասնակցելուց։


Ընտանիքը հայտնել է, որ իրենք կշարունակեն պայքարել արդարության համար միջազգային իրավական մեխանիզմների և միջազգային այլ ատյանների միջոցով։


Ըստ նրանց՝ անկարելի է պաշտպանել սեփական իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։

Leave a Comment