ԵՄ-ն ծրագրում է «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկել Հայաստան

ԵՄ-ն ծրագրում է «հիբրիդային արագ արձագանքման խումբ» ուղարկել Հայաստան

25 փետրվարի 2026 – 11:57 AMT

PanARMENIAN.NetԵվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա հնարավոր է՝ ավելի մշտական քաղաքացիական առաքելություն, հայտնում է «Ազատությունը»:

«Ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի արտաքին գործերի նախարարի Բրյուսելին ուղղված նամակը, որով Արարատ Միրզոյանը փետրվարի 13-ին դիմել է արագ արձագանքման խումբ Երևան ուղարկելու խնդրանքով»,-ասվում է հրապարակման մեջ:

ԵՄ-ն նմանատիպ՝ մոտ 20 անդամից բաղկացած թիմ էր գործարկել Քիշնևում՝ նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ օգնելու Մոլդովայի իշխանություններին սոցիալական հարթակներում Ռուսաստանից տարածվող ապատեղեկատվությունը վաղ փուլում բացահայտելու և դրան արձագանքելու հարցում։

Ե՛վ Բրյուսելը, և՛ Քիշնևը այդ նախաձեռնությունը գնահատել են հաջողված, և այժմ Եվրամիությունը ցանկանում է նույն մեխանիզմը կիրառել նաև Հայաստանի պարագայում՝ կարևոր ընտրությունների նախաշեմին, որոնց վրա, ակնկալվում է, Ռուսաստանը կփորձի ազդեցություն ունենալ։

Նշվում է, որ Բրյուսելում քննարկումների արդյունքում ձևավորված դիվանագիտական նոտաների համաձայն՝ ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում», հավելելով, որ «Հայաստանին առաջարկվող աջակցությունը պետք է հստակորեն ուղղված լինի Ռուսաստանի կողմից ապակայունացնող գործունեության նվազեցմանը և մեղմացմանը»։

«Ազատության» տեղեկություններով՝ ԵՄ անդամ երկրները նաև դիմել են դիվանագիտական կորպուսին՝ արտաքին հարաբերությունների ծառայությանը՝ հորդորելով «շարունակել կապը Ադրբեջանի հետ՝ բացատրելով ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընդգծել խաղաղության գործընթացի վրա բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»։

Բաքուն նախկինում մտահոգություն է հայտնել ինչպես վերջին տարիներին ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրված ոչ մահաբեր ռազմական օգնության, այնպես էլ Հայաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ, որը 2023-ից իրականացրել է գործունեություն Ադրբեջանի հետ սահմանի հայկական հատվածում՝ վստահության ամրապնդման և իրավիճակի դիտարկման մանդատով։

Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում հիմնականում կենտրոնանալու է հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»։

Ըստ մի քանի ԵՄ դիվանագետների, որոնց հետ զրուցել է «Ազատություն» ռադիոկայանը, կողմերը նպատակ ունեն առաքելությունը գործարկել մինչև մայիսի 4-ին Երևանում կայանալիք ԵՄ-ՀՀ գագաթնաժողովը: Դա նշանակում է, որ այս հարցում անհրաժեշտ է որոշում կայացնել մարտ ամսվա ընթացքում, սակայն գործընթացն այնքան էլ հեշտ չէ:

Գործնականում ԵՄ անդամ պետությունները պետք է ընդունեն երկու առանձին որոշում՝ առաջինը՝ տեխնիկական հաստատման, երկրորդը՝ իրական գործարկման համար։ Թեև առայժմ որևէ երկիր բացահայտ կասկած չի հայտնել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցած դիվանագետները նշել են, որ Հայաստանը չի ունեցել այնպիսի եվրոպական և միջազգային աջակցություն, ինչպիսին ունեցել է Մոլդովան՝ ԵՄ անդամության պաշտոնական թեկնածուի կարգավիճակով։

Հունգարիան նախկինում մի քանի անգամ արգելափակել է Հայաստանին վերաբերող ԵՄ որոշումները՝ հաճախ պնդելով, որ Ադրբեջանին ևս պետք է տրամադրվի այն, ինչ հատկացվել է Հայաստանին։

Բրյուսելի դիվանագիտական շրջանակներում ձևավորվել է հույս, որ այս անգամ Ադրբեջանը կարող է առավել դրական վերաբերմունք ցուցաբերել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն կապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելուն։

Հնարավոր խոչընդոտներից մեկը կարող է լինել նաև ֆինանսավորման սահմանափակ հարցը։ Եվրոպացի մի շարք դիվանագետներ ընդգծել են, որ ԵՄ բյուջեն սահմանափակ հնարավորություններ ունի, քանի որ Բրյուսելը միաժամանակ փորձել է երկարաձգել կամ հաստատել այլ առաքելություններ՝ Եգիպտոսում, Գազայում, Հորդանանում և Լիբանանում։

Հաստատման պարագայում, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, Հայաստանում ԵՄ նոր առաքելությունը լինելու է փոքրաթիվ՝ հիմնականում մի քանի փորձագետից կազմված կենտրոնական թիմով, իսկ անձնակազմի մեծ մասը ներգրավվելու է արդեն գործող սահմանային դիտորդական առաքելությունից տեղափոխված աշխատակիցներից, որոնք աջակցելու են այդ փորձագետներին։

Leave a Comment