Ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու նպաստները․ Թորոսյանը պարզաբանել է

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը  պարզաբանել է, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու նպաստները


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը Facebook-յան իր էջում պարզաբանել է, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու նպաստները։


«Մեր կենսաթոշակները հաշվարկվում են տարբեր բանաձևերով, որի մեջ էական դեր ունի հիմնական կենսաթոշակ հասկացությունը, որը այս պահին 24,000 դրամ է։ Այն դառնալու է 34,000 դրամ», – ասաց Թորոսյանը։


Նրա խոսքով՝ բոլոր կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են 24, 000 դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34,000 դրամը ներառյալ, հետևաբար դրանք բարձրանալու են 10,000 դրամով։


Նախարարը հայտնեց, որ բարձրանալու է նաև նվազագույն կենսաթոշակի շեմը՝ ներկայիս 36,000 դրամի փոխարեն դառնալով 46,000 դրամ։


«Դա նշանակում է, որ նաև բարձրանալու է ծերության նպաստը։ Դա այն կենսաթոշակն է, այսպես ասած, որ վճարվում է այն քաղաքացիներին, որոնք չունեն բավարար աշխատանքային ստաժ, այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ կամ ծերության նպաստ չի լինելու», – նշեց նախարարը։


Թորոսյանը տեղեկացրեց, որ բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ֆունկցիոնալության միջին, ծանր և խորը սահմանափակումներ ունեցող քաղաքացիների համար՝ համապատասխանաբար 10, 000 դրամ։


Նրա տեղեկացմամբ՝ կբարձրանան նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները, սակայն այստեղ բանաձևը մի փոքր այլ է, և որոշ դեպքերում տարբեր չափով է լինելու բարձրացումը, քանի որ 2 փոփոխական կա։


«Միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8,000-8,500 դրամի շրջանակներում, բայց որոշ դեպքերում այն կլինի 10,000 դրամից էլ ավելի՝ ընդհուպ մինչև 15,000 դրամ, որոշ դեպքերում՝ մի փոքր ավելի ցածր, որովհետև նրանց այդ կենսաթոշակներն արդեն իսկ բավական բարձր են։ Միջինը մոտ 100,000 դրամի շրջանակներում է այս կենսաթոշակների չափը», – նշեց նախարարը։


Թորոսյանը հավելեց, որ ապրիլի 1-ից, ըստ էության, բոլորը ստանալու են բարձրացված կենսաթոշակներ։ Փոփոխությունները կտարածվեն նաև համակարգում առկա այլ վճարների վրա, որոնց թիվն ավելի փոքր է, օրինակ՝ կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակները և նմանատիպ այլ սոցիալական հատկացումները։


Նա հայտնեց, որ այս ամենին կարող է գումարվել նաև հետվճարի (cashback) համակարգը, որը շարունակում է գործել և կենսաթոշակառուներն ու նպաստառուները հնարավորություն ունեն հետ ստանալու իրենց անկանխիկ գնումների 20%-ը՝ առավելագույնը 10,000 դրամի չափով։


«Հետևաբար, յուրաքանչյուր քաղաքացի, ըստ էության, իր կենսաթոշակը կարող է բարձրացնել բացի այս 10,000 դրամ բարձրացումից ևս մինչև 10,000 դրամով՝ դրանով իսկ նաև խրախուսելով, որպեսզի ստվերի շրջանառությունը փոքրանա և պետական բյուջեն մեծանա, որն էլ իր հերթին նորից դառնալու է կենսաթոշակ»,— եզրափակեց նախարարը։


Նշենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները կբարձրանան։


 Կենսաթոշակների և նպաստների հետվճարի մասին


 2022 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուների և նպաստառուների համար գործում է անկանխիկ գնումների և կոմունալ վճարումների դիմաց հետվճարի (քեշբեք) ծրագիրը։


 Կառավարության որոշմամբ՝ ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։


Ի սկզբանե հետվճարը կազմում էր ամսական ծախսված գումարի 10%-ը (բայց ոչ ավելի, քան 5 000 դրամ), այնուհետև՝ 12% (ոչ ավելի, քան 6 000 դրամ)։ 2026 թվականի հունվարի 1-ից հետվճարի չափն ավելացվել է մինչև 20%։


Վճարումները կատարվում են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։


 

Leave a Comment