ՖԻՖԱ-ն քննարկում է Մեքսիկային աշխարհի առաջնությունից զրկելու հարցը – Tsayg

ՖԻՖԱ-ն դիտարկում է աշխարհի 2026 թվականի առաջնության միջմայրցամաքային անցումային խաղերը Մեքսիկայից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունը, որոնց արդյունքում պետք է վերջնականապես հայտնի դառնան մրցաշարի մասնակիցները:

Ինչպես հայտնում է The Athletic պարբերականը, հարցականի տակ են հայտնվել նաև բուն մրցաշարի եզրափակիչ փուլի այն հանդիպումները, որոնք նախատեսված են հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում։

Ըստ աղբյուրի՝ խաղերի վայրի փոփոխությունը կկիրառվի որպես ծայրահեղ քայլ միայն այն դեպքում, եթե անվտանգության մարմինները և կոմերցիոն գործընկերները լուրջ մտահոգություններ հայտնեն անվտանգության ապահովման վերաբերյալ: Ներկայումս Մեքսիկայում ծայրահեղ լարված իրավիճակ է. թմրակարտելներից մեկի պարագլխի սպանությունից հետո երկրում բռնկվել են զանգվածային անկարգություններ։ Զինյալների և իրավապահների միջև բախումները վերածվում են ջարդերի և ինտենսիվ փոխհրաձգությունների։

Նշենք, որ ԱԱ-ի ուղեգրի համար պայքարող Ճամայկայի, Կոնգոյի և Նոր Կալեդոնիայի հավաքականների միջև փլեյ-օֆֆի հանդիպումները ծրագրված են մարտի 26-ից 31-ը։ Խնդիրն էականորեն բարդանում է նրանով, որ տասնյակ հազարավոր ֆուտբոլասերներ արդեն իսկ գնել են մրցաշարի տոմսերը և հյուրանոցներ ամրագրել: Խաղերը տեղափոխելու պարագայում ՖԻՖԱ-ն ստիպված կլինի ամբողջությամբ փոխհատուցել երկրպագուների կրած ֆինանսական վնասները:

Leave a Comment