Երևանում տեղի ունեցավ 42,5 մլն եվրո արժողությամբ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի հիմնարկեքը

Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն  «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությանը։


Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։


Նշվում է, որ այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։


Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։


Վարչապետի խոսքով՝ այսօր ՀՀ-ում լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, որոնք կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից, և ընդհակառակը՝ անհասանելի է ցանկացած մարդու համար, որը լավ կյանք տանող ճանապարհին չի որդեգրում կրթությունը:


Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների ընդհանուր տրամաբանությամբ։


Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։


«EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն», – նշված է հաղորդագրության մեջ։


Վարչապետի խոսքով՝ այս նախագիծը լավ և գեղեցիկ կյանքի մասին է։

Leave a Comment