Իրանը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ ԱՄՆ-ի հետ հնարավորինս շուտ համաձայնագիր կնքելու համար և բարի կամքով է մոտենում Ժնևում կայանալիք բանակցություններին։ Այս մասին հայտարարել է փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։
«Մենք պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ։ Մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա», – ասել է նա Ազգային հանրային ռադիոյի եթերում։ Թախտ-Ռավանչին վստահություն է հայտնել, որ գործարքը կարող է արագ կնքվել, եթե բոլոր կողմերը քաղաքական կամք ունենան։
Դիվանագետը նշել է իրանական պատվիրակության կառուցողական վերաբերմունքը միջուկային հարցի վերաբերյալ խորհրդակցությունների հաջորդ փուլից առաջ, որը նախատեսված է հինգշաբթի օրը Շվեյցարիայում։ «Մենք Ժնևի բանակցային սենյակ կմտնենք ամենայն անկեղծությամբ և բարի կամքով։ Մենք հույս ունենք, որ այս բարի կամքն ու այս մոտեցումը կփոխադարձվեն ամերիկացիների կողմից», – նշել է նա։
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-ին։