Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ԱՄՆ վարչակազմին կտեղեկացնի Ուկրաինայի քաղաքական շանտաժի փորձերի մասին, որոնք խոչընդոտել են ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով: Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնում այս հարցը կբարձրացնի ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի և ներքին գործերի նախարար Դուգլաս Բուրգամի հետ, որը վերահսկում է երկրի բնական պաշարները։
«Իհարկե, ես մեր ամերիկացի գործընկերներին կասեմ, որ մենք չենք կարող թույլ տալ Ուկրաինային շանտաժի ենթարկել մեզ, միջամտել մեր ընտրական գործընթացին և փորձել արտակարգ իրավիճակ ստեղծել Հունգարիայի էներգամատակարարման հետ կապված», – ասել է Սիյարտոն, որը Վաշինգտոն է ժամանել ԱՄՆ-ի և Արևելյան Եվրոպայի երկրների միջև էներգետիկ համագործակցության վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցելու համար։
Նա հաստատել է, որ Հունգարիան հակազդեցություններ կկիրառի Ուկրաինայի կողմից կառավարության քաղաքականության վրա սպառնալիքների և սադրանքների միջոցով ազդելու փորձերի դեմ: «Քանի դեռ ուկրաինացիները շարունակում են քաղաքականապես շանտաժի ենթարկել մեզ և խոչընդոտել նավթի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարով, մենք չենք հաստատի ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կամ ԵՄ որևէ որոշում, որը ծառայում է ուկրաինացիների շահերին», – ասել է նախարարը հունգարական M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սիյարտոն նաև նշել է, որ Բրյուսելի ճնշմանը հակառակ, Բուդապեշտը չի մտադիրվում հրաժարվել ռուսական էներգակիրների գնումներից, ինչը նպաստում է երկրում կոմունալ ծառայությունների գների ցածր պահպանմանը: «Մենք երբեք չենք ցանկացել առկա էժան էներգիայի աղբյուրները փոխարինել ավելի թանկերով», – պարզաբանել է նա: Նրա խոսքով՝ Հունգարիան «էներգետիկ քաղաքականությունը դիտարկում է որպես իր ինքնիշխանության հարց և համագործակցում է նրանց հետ, ովքեր լավագույնս են սպասարկում իր շահերը»:
Արտգործնախարարը կրկին հերքել է Ուկրաինայի պնդումները, որ «Դրուժբա» խողովակաշարը չի գործում ռազմական գործողությունների ընթացքում ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով: ««Դրուժբա» խողովակաշարը տեխնիկապես լիովին պատրաստ է նավթի փոխադրման վերսկսմանը», – ասել է Սիյարտոն:
Հունգարիայի տվյալների համաձայն՝ հունվարի 27-ից ի վեր «Դրուժբա» խողովակաշարով նավթ չի հոսում: Փետրվարի 15-ին Հունգարիան և Սլովակիան խնդրել են Խորվաթիային թույլատրել ռուսական հում նավթի տարանցումը Ադրիատիկ խողովակաշարով: Ակնկալվում է, որ այն ծովով կհասցվի խորվաթական Օմիշալ նավահանգիստ: Հունգարիայի կառավարությունը նաև որոշեց MOL-ին տրամադրել 250,000 տոննա նավթ պետության ռազմավարական պաշարներից՝ իր վերամշակման գործարանի համար։ Այս պաշարները բավարար են երեք ամսվա համար։