«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատմել է, թե ինչպես է ֆրանսիական ՊՍԺ-ն փորձել ձեռք բերել կատալոնական ակումբի և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալին։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում նրա նկատմամբ փարիզյան ակումբի հետաքրքրության մասին։
«Երկու տարի առաջ ՊՍԺ-ն մեզ 250 միլիոն եվրո առաջարկեց Լամին Յամալի համար: Մենք մերժեցինք: Այն ժամանակ նա 17 տարեկան էր, և ոմանք մեզ պարզապես խենթ էին համարում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Լամին Յամալը «Բարսելոնայի» գլխավոր թիմում հանդես է գալիս 2023 թվականի ապրիլից: Իսպանացին իր նորամուտը նշել է 15 տարեկան 290 օրականում։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ։