Բնական դեղամիջոց ձեր խոհանոցում. կոճապղպեղի 10 օգտակար հատկությունները և օգտագործման կանոնները

Իմունիտետից մինչև սրտի առողջություն. սննդաբանը ներկայացրել է կոճապղպեղի օգուտներն ու վտանգները


ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Կոճապղպեղը եզակի համեմունք է և հնագույն բուժիչ բույսերից մեկը։ Դրա կանոնավոր օգտագործումը կարող է բարելավել հիշողությունը, մեղմել հոդացավերն ու նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։


Թե էլ ինչո՞վ է օգտակար այս բույսը և ո՞ւմ է այն հակացուցված, ներկայացնում է մարզիչ-սննդաբան Օլգա Յաբլոկովան, գրում է Gazeta.Ru-ն։


Ինչո՞վ են պայմանավորված կոճապղպեղի օգտակար հատկանիշները


Բույսի արժեքը թաքնված է նրա հարուստ քիմիական բաղադրության մեջ։ Այն պարունակում է C, B1 և B2 վիտամիններ, անփոխարինելի ամինաթթուներ և եթերայուղեր։ Հատկապես կարևոր է գինգերոլը, որը կոճապղպեղին հաղորդում է թարմ կծվություն՝ դառնալով հզոր հակաբորբոքային ու հակավիրուսային միջոց։


10 հիմնական օգտակար հատկությունները


1. Պայքար վարակների դեմ. Խթանում է իմունային համակարգը՝ օգնելով օրգանիզմին ավելի արագ հաղթահարել մրսածությունն ու վիրուսները։


2. Բորբոքումների մեղմում. Գինգերոլը կարող է նվազեցնել այտուցներն ու ցավերը արթրիտի և օստեոխոնդրոզի դեպքում։


3. Մարսողության խթանում. Բարելավում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը, վերացնում սպազմերն ու փորի փքվածությունը։


4. Սրտխառնոցի դեմ միջոց. Արդյունավետ է տրանսպորտի մեջ ինքնազգացողության վատացման և սրտխառնոցի դեպքում։


5.  Հակաօքսիդանտ ազդեցություն. Չեզոքացնում է օքսիդացման սթրեսը՝ դանդաղեցնելով բջիջների ծերացման գործընթացը։


6. Օգնություն դիաբետի ժամանակ. Կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակն ու բարելավել ինսուլինի նկատմամբ զգայունությունը։


7. Քաշի վերահսկում. Արագացնում է նյութափոխանակությունը և երկարացնում հագեցածության զգացումը։


8. Սրտի առողջություն. Նպաստում է արյան նոսրացմանը և կարող է մեղմորեն նվազեցնել զարկերակային ճնշումը։


9. Տղամարդկանց առողջություն. Դրական է անդրադառնում վերարտադրողական ֆունկցիայի վրա և խթանում տեստոստերոնի արտադրությունը։


10. Նյարդային համակարգի պաշտպանություն. Օգնում է կանխարգելել նյարդադեգեներատիվ հիվանդությունները, ինչպիսիք են Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունները։


Կիրառումը ժողովրդական բժշկության մեջ


Ժողովրդական բժշկության մեջ կոճապղպեղը վաղուց հայտնի է որպես ունիվերսալ միջոց.


-Միգրենի դեպքում. Քունքերը կոճապղպեղի կտորներով տրորելը օգնում է թուլացնել սպազմերն ու մեղմել ցավը։


-Մկանային ցավեր. Կոճապղպեղի յուղով մերսումը թուլացնում է մկաններն ու վերացնում լարվածությունը։


-Շնչառական ուղիներ. Ինհալացիաները (գոլորշիով շնչառումը) թեթևացնում են շնչառությունը մրսածության ժամանակ։


– Քերած կոճապղպեղի և մեղրի խառնուրդով թրջոցը (20 րոպեով որովայնին) օգնում է բարելավել մարսողությունը։


Ում է հակացուցված և ինչպես օգտագործել


Չնայած բազմաթիվ օգուտներին, կոճապղպեղը կարող է գրգռել լորձաթաղանթը։ Այն հակացուցված է ստամոքսի խոցի, բարձր թթվայնությամբ գաստրիտի և լեղաքարային հիվանդության դեպքում։ Զգուշությամբ պետք է մոտենալ նաև այն մարդկանց, ովքեր ունեն ցածր ճնշում կամ ընդունում են արյունը նոսրացնող դեղեր։


Չափահաս մարդու համար օրական օպտիմալ չափաբաժինը 3 գրամ թարմ արմատն է կամ 1թ. գդալ փոշին։ «Չորացրած կոճապղպեղն ավելի խտացված է, ուստի դրա օրական նորման ընդամենը 0,5 գրամ է», -ընդգծել է Օլգա Յաբլոկովան:


Հղի կանանց դեպքում կոճապղպեղ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ. սովորաբար թույլատրելի չափաբաժինը չի գերազանցում օրական 1 գրամը:


Կոճապղպեղով թեյ՝ իմունիտետի ամրապնդման համար


Վերցրեք կոճապղպեղի թարմ արմատը, կտրատեք բարակ շերտերով և վրան լցրեք 90° ջերմությամբ տաք ջուր։ 15-20 գրամ արմատի համար անհրաժեշտ է մոտավորապես 1 լիտր ջուր։ Թողեք թեյը թրմվի 15 րոպե։ Ըստ ցանկության թեյի մեջ կարող եք ավելացնել քրքում, մեխակ, դարչին, կիտրոնի կտորներ կամ մեկ գդալ մեղր։ Խմեք փոքր չափաբաժիններով՝ 150-ական մլ, օրական 2-3 անգամ։


 

Leave a Comment