Երևանի 143 մսուր-մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է – Armenia Today

Երևանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է, Armenia Today-ին հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Վերջինս տեղեկացրել է, որ Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

News-ն ավելի վաղ, հղում անելով իր տեղեկություններին, հայտնել էր՝ Դանիելյանինն իրավապահների ուղեկցությամբ մանկապարտեզից են տեղափոխել Հակակոռուպցիոն կոմիտե և մեղադրանք առաջադրել: Կայքը հավելել է, որ Դանիելյանը տնօրենի պաշտոնում վերանշանակվել էր Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանի փետրվարի 19-ի կարգադրությամբ, սակայն պաշտոնավարել է մեկուկես աշխատանքային օր։

Լրատվականը հիշեցրել է, որ 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում մանկապարտեզում գրանցված մի շարք կեղծ հաստիքներ, կաշառք տալու, աշխատավարձերի և երեխաների համար նախատեսված սննդամթերքի յուրացման դեպքեր էին արձանագրվել։ Հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով Դանիելյանը և տնտեսվարը ներկայացրել էին աշխատանքից ազատման դիմումներ։

Բացահայտված չարաշահումները, սակայն, իրավական գնահատական չէին ստացել, և երեխաների սննդի յուրացումների դեպքերը քննության առարկա չէին դարձել։ Միևնույն ժամանակ Դանիելյանը դատական կարգով վերականգնել է իր աշխատանքային իրավունքը:

«Քաղաքացիական գործով դատարանը բավարարել էր նախկին տնօրենի հայցը` հաշվի առնելով, որ նա ազատման դիմումից երեք օր անց դիմել էր այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին, որպեսզի հետ վերցնի իր դիմումը, սակայն թաղապետը այդ դիմումին ընթացք չի տվել և Դանիելյանի ներկայացրած առաջին դիմումի հիմքով նրան ազատել է աշխատանքից»,- հավելել է կայքը։

Leave a Comment