ԱՄՆ-ը դեռևս չունի հաջողված մոդուլային կայանի նախագիծ, և Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ․ Վահե Դավթյան

https://www.youtube.com/watch?v=C2tM7BNf35s

Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում ներկայիս քաղաքականությունը առաջացնում է մի շարք ռազմավարական և գործնական հարցեր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում որոշ նախաձեռնություններ կարող են ունենալ տրամաբանություն, սակայն ներկա փուլում կառավարության ընտրած ուղղությունները բավարար հստակություն չեն ապահովում։

Անդրադառնալով այն տեղեկությանը, թե Հայաստանում հնարավոր է ԱՄՆ-ի աջակցությամբ կառուցվի մոդուլային ատոմակայան, Վահե Դավթյանը նշել է, որ ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայանի շահագործման փորձ չունի։

«Միջուկային ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության հարցերը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգներում նման նախագծերը դեռևս բախվում են տեխնիկական, տնտեսական և կոմերցիոն լուրջ խնդիրների։ Ի դեպ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում կառուցվող առաջին մոդուլային ռեակտորը շահագործման կհանձնվի 2031 թվականին, բայց դա էլ հստակ չէ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ այս ոլորտում որոշակի փորձ ունեն միայն Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանը նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին՝ստորագրելով մեկ-երկու համաձայնագիր։

Վահե Դավթյանը հիշեցրել է, որ ԱՄՆ միջուկային ոլորտի գլխավոր կարգավորող մարմնի հրապարակումները նույնպես վկայում են ծրագրերի իրականացման բարդությունների մասին։

«Հաշվի առնելով վերոնշյալը, որ ԱՄՆ-ը դեռևս չունի անհրաժեշտ փորձ, հաջողությամբ իրագործված նախագիծ, կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ն արտաքին դերակատարների կողմից դիտարկվում է որպես փորձադաշտ», — նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment