Պետրոս Դուրյանը հայկական պոեզիայի առաջին ռոմանտիկն է։ Նա առաջինն էր, որ կլասիցիզմի խիստ կանոններին և լրջախոհ թեմաներին հակադրեց իր մեղմ, քնարական ու ռոմանտիկ պոեզիան։
Պատանեկան համարձակությամբ նա բարձրաձայնեց սովորական մարդկային քնքուշ զգացմունքների մասին։ Ինչպես նկատում է Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայ նոր գրականության ֆակուլտետի փոխդեկան Նաիրա Խաչատրյանը, Դուրյանն իր կարճ կյանքի ընթացքում խտացրեց այն ամենը, ինչը մեկ ուրիշը, գուցե, չհասցներ անել նույնիսկ հարյուր տարում։
Նա զբաղվեց դերասանությամբ, գրեց դրամատիկական երկեր ու հրապարակախոսական հոդվածներ՝ պատասխանելով իր քննադատներին։ Եվ, իհարկե, ստեղծեց իր սքանչելի տաղերը՝ լի պատանեկան քնքուշ սիրով, որը, սակայն, մթագնում էր անպատասխան մնալու և չհասկացված լինելու դառնությամբ։
Դուրյանն ապրեց արագ ու բովանդակալից, ասես շտապելով իրականացնել այն բոլոր ծրագրերը, որոնց մասին գիտեր միայն ինքը։ Այսօր էլ Դուրյան-բանաստեղծի թողած ժառանգությունը թարմ է ու սիրված, և դժվար է գտնել մեկին, ով անգիր չիմանա նրա հանճարեղ «Լճակը»։