Կատարվել է Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը. Մայր Աթոռ


Հասարակություն


Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:


Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։



Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։

Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը:


Leave a Comment